Հայրենիքի 8 պաշտպան առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով:

Զինվորի տանն անցկացված միջոցառման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված պրոթեզավորման ժամանակակից սարքավորումների, պրոթեզավորման մասնագետների և բժիշկների շնորհիվ առաջին արդյունքներն արդեն տեսանելի են:

«Աշխարհի ամենահայերենասեր տղաներն իրենց քայլերն են անելու, ինչը մեծ ուրախություն և հպարտութուն է: Մեր սուրբ պարտքն է տղաներին վերադարձնել սոցիալական կյանք: Պրոթեզավորման գործընթացն իրականացնելու համար ունենք բարձր որակի պրոթեզման համակարգեր և մասնագետներ»,-շեշտեց ԵՊԲՀ ռեկտորը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ընդգծեց, որ պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիայում հայենիքի պաշտպանները կստանան անհրաժեշտ վերականգնողական ծառայությունները ՝ բարձրակարգ մասնագետների կողմից: «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած զինծառայողների առողջության վերականգնումը մեր բոլորի պարտականությունն է»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Միջոցառման ժամանակ հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը ներկայացրեց վիրավոր զինվորների պրոթեզավորման ծրագիրը և նրանց արձանագրած հաջողությունները:

Նշենք, որ այս տարվա սկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով: Այստեղ յուրաքանչյուր զինվորի հետ անհատական աշխատանք է վարում և հայ մասնագետներին խորհրդատվություն է տալիս հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը:

Այս մասին հայտնում է ԵՊԲՀ-ը։