Արտոնություններ, նվիրատվություն իշխող կուսակցությանն ու Արցախին․ փաստեր ՀՀ-ում թուրքական կապիտալով ընկերությունների մասին․ FIP.am

«Փաստերի ստուգման հարթակը» նախորդիվ անդրադարձել էր Հայաստանի չորս ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ՀՀ-ում գործունեություն սկսած՝ թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թեմային: Ինչպես նաև ներկայացրել էր տվյալներ Թուրքիայի քաղաքացիների կողմից մեր երկրում ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ: 

FIP.am-ն այժմ էլ ամփոփել է այդ ընկերությունների գործունեության ոլորտներն ու դրանց՝ պետական գերատեսչությունների հետ համագործակցության մի շարք ուշագրավ տվյալներ գտել: 

Առևտուրը՝ գործունեության հիմնական ոլորտ 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ անկախության տարիներին գործունեություն սկսած մոտ 140 ընկերությունների զգալի մասը՝ 31 ընկերություն, ներգրավված է եղել առևտրի ոլորտում: 

Թուրքիայի քաղաքացիություն ունեցող գործարարներին գրավող հաջորդ ոլորտը սննդի, ապա հագուստ/տեքստիլի ոլորտն է, որտեղ անկախության տարիներից ի վեր գործունեություն է ծավալել, համապատասխանաբար, 8 և 7 ընկերություն: 

Թուրքական կապիտալով ընկերություններ գործել են նաև շինարարության, անշարժ գույքի, տրանսպորտի/բեռնափոխադրումների, տուրիզմի ոլորտներում: 

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներառված են Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ ընկերությունները՝ ըստ գործունեության ոլորտի: 

318754331811ԱռևտուրՍնունդՀագուստ/…ԱնշարժգույքՏրանսպոր…Շինարարո…ՏուրիզմԱյլոլորտներԱնհայտ051015202530

ՀՀ-ում թուրքական կապիտալով ընկերություններն ըստ գործունեության ոլորտների

«Փաստերի ստուգման հարթակ»

Արտոնություններ՝ գործադիրից. թուրքական ընկերությունը՝ ՔՊ նվիրատու

Հայաստանի կառավարությունն առաջին անգամ թուրքական կապիտալի ներգրավմամբ ընկերությանն արտոնություն է տրամադրել 2010 թվականին․ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակում ստեղծված օպերատիվ շտաբը Լոռու մարզում «Իդիլ տեքստիլ» ընկերությանը տրամադրել է $200,000-ի աջակցություն: 

Ընկերության հիմնադիրը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Նեջատի Ջենիկլին է, իսկ տնօրենը՝ Գայանե Լալայանը: «Իդիլ տեքստիլն» այժմ դադարեցրել է իր գործունեությունը: 

2016-ի մարտի 24-ին Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն է տրամադրել «Բագեզյան» ՍՊԸ-ին, որը, ըստ կառավարության համապատասխան որոշման, նախատեսում էր ոսկերչության և արծաթագործության ոլորտում իրականացնել $68․5 մլնի ներդրումային ծրագիր: Ընկերության հիմնադիրը Սաիտ Գեզն է, տնօրենը՝ Կարինե Սողոմոնյանը: 

Փաշինյանի կառավարությունը 2018-ից ի վեր 2 անգամ է թուրքական կապիտալով ընկերության արտոնություն տրամադրել․ առաջին այդպիսի ընկերությունը «Երազ Ջեվելերի» ՍՊԸ-ն է, որը կառավարության 2018 թ․ սեպտեմբերի 14-ի որոշմամբ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն է ստացել: Կառավարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ընկերությունը նախատեսում էր արտադրել ոսկյա և արծաթյա զարդեր, ընդլայնել արտահանումը հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, Եվրամիության երկրներ, ԱՄԷ: 

Ընկերության տնօրենը Բեյհան Բաղն է, տնօրենը՝ Լուսինե Բարսեղյանը: 

Հաջորդ ընկերությունը, որը գործող կառավարությունից արտոնություն է ստացել, «Մուրադ-սար» ՍՊԸ-ն է: Ընկերության հիմնադիրը Սարայլը Մուրադն է, տնօրենը՝ Վիլիկ Հախվերդյանը: Այն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ֏378 մլն-ի մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել

FIP.am-ը պարզեց նաև, որ 2020-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֏200 հազարի նվիրատվություն է ստացել «Մուրադ-սար» ՍՊԸ-ից: 

Ուղևորափոխադրումներ, բժշկական սպասարկում

2003 թվականին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով «Սիպսու» ՍՊԸ-ին Կոտայքի մարզում բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա է տրամադրվել: Ընկերության գրանցման հասցեն Ստամբուլն է, հիմնադիրը՝ Ալթուն Դիգրան-Բահադիրը:

2008 թվականին Տրանսպորտի նախարարը «Տրիո կոնկորդ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին տրամադրել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա: Նշենք, որ 2013 թվականին թուրքական կապիտալը ընկերությունից հեռացել է: 

Նվիրատվություն Արցախին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ 

Հատկանշական է, որ 2005-ին հիմնադրված «Եվրոմաքս» ընկերությունը, որի հիմնադիրը Թուրքիայի քաղաքացի Հազրեթի Ակդեմիրն է, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության կառավարությանն է հանգանակել 500,000 դրամ: 

Փաստերի ստուգման հարթակ