Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
Հեղինակ MediaLab

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտին:

Ողջունելով պարոն Շուկնեխտկին՝ փոխվարչապետը կարևորել է ՏՀԶԿ-ի հետ տարբեր հարթակներում ձևավորված կառուցողական համագործակցությունը: Փոխվարչապետը ներկայացրել է հարկային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ արդեն իսկ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք բարեփոխումները:

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ Հայաստանի հետ ձևավորվել է հաջող համագործակցություն և ՏՀԶԿ-ի համար ակնհայտ են Կառավարության՝ երկրի զարգացմանը միտված քայլերը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են այս տարի փետրվարին ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման և շահույթի տեղափոխման)  ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը և առաջիկայում դրանով պայմանավորված գործողությունների արդյունավետ և ժամանակին իրականացումը: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով այս հարթակին Հայաստանի անդամակցությունը, այն նաև որպես միջոցառում ներառել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզում:

Մհեր Գրիգորյանը և Լյուդգեր Շուկնեխտը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տնտեսության թվայնացման կարևորությանը, կապիտալ շուկայի զարգացմանը, կանխիկի շրջանառության կրճատմանը և Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման հնարավորություններին: 

Այս մասին տեղեկացնում է  պաշտոնական հաղորդագրությունը։