«Ադրբեջանցիները բարձրախոսով ասում էին՝ մինչև առավոտը ժամը 8-ը լքեք մեր տարածքները, բայց մենք չենք լքել». Կապանի քաղաքապետ

Ադրբեջանական ուժերը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի սահմանային հատվածում երեկ հայկական ուժերին կոչ են արել հեռանալ տարածքից։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ 

«Երեկ Դավիթ Բեկ գյուղի հարակից հատվածից բարձրախոսով իրենք ասում էին՝ մինչև առավոտը ժամը 8-ը լքեք մեր տարածքները։ Բայց մենք չենք լքել, մեր դիրքերում կանգնած ենք»,- նշեց քաղաքապետը։ Նրա խոսքով՝ այսօր առավոտյան որևէ զարգացում տեղի չի ունեցել, հայկական կողմը, բնականաբար, չի լքել տարածքը։

Նշենք, որ Սյունիքում սահմանների խնդրի վերաբերյալ երեկվանից տարբեր տեղեկություններ են տարածվում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական ուժերը 10 ժամ ժամանակ էին տվել հայկական կողմին՝ սահմանից նահանջ կատարելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքել էր տեղեկությունները։

«Առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ»,- ասել էր վարչապետը։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում մասամբ հաստատեց տեղեկությունները, որ ադրբեջանական կողմից պահանջ է եղել լքել դիրքերը: Բայց, ըստ նրա, խոսքը ոչ թե անմիջապես Կապանին է վերաբերել, այլ Դավիթ Բեկին։ Դավիթ Բեկ գյուղը Կապանի համայնքներից է, ադրբեջանական ուժերը հայկական ուժերին կոչ են արել նահանջել գյուղի սահմանից։ 

«Ես կարծում եմ, որ անվտանգության ապահովման համար պետք է ստեղծվի անվտանգության գոտի։ Իրենք, բնական է, ուզում են, որ ԽՍՀՄ սահմաններով կանգնենք, և անվտանգության գոտին չլինի»,- նշեց Փարսյանը։

Ըստ քաղաքապետի՝ եթե ԽՍՀՄ սահմանները հիմք ընդունվեն, սահմանները շատ կմոտենան Կապանին։ «Նունիսկ շատ վտանգավոր մոտ կլինեն այդ դեպքում։ Ես կրկնում եմ՝ ԽՍՀՄ սահմաններից գոնե մի քանի կիլոմետր հեռու պետք է լինի այդ անվտանգության գոտին։ Անպայման այդ մասին պետք է բանակցել»,- նշեց նա։

Գևորգ Փարսյանը հավելեց, որ հայկական կողմը շարունակում է մնալ նույն դիրքերում, ոչ մի հետքայլ չի եղել, այսօրվա ընթացքում ոչ մի այլ զարգացում չի եղել։

«Տրամադրությունը նորմալ է, պարզապես մեկ-մեկ այսպիսի լարված իրավիճակներ են ստեղծում»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am