«Հերթական անգամ ԶԼՄ-ները բաժանվել են յուրայինների եւ օտարների». Սերժ Սարգսյանի քարոզարշավին խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը

Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում խոչընդոտվեց լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Թեկնածուի հետ՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց «Yerkir.am» կայքի թղթակից Ագնեսա Խամոյանը, չնայած որ նա հավատարմագրված է եղել լուսաբանելու երկու հանդիպումներն էլ։
Առաջին դեպքը չէ, որ ՀՀ նախագահի մասնակցությամբ ծրագրված միջոցառումների ընթացքում խտրականություն է դրսեւորվում այս կամ այն լրատվամիջոցի ներկայացուցչի նկատմամբ։ Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի` Գյումրի կատարած այցի ժամանակ տեղական ԶԼՄ-ների լրագրողներն էին զրկվել երկրի ղեկավարի հետ կազմակերպված ճեպազրույցին մասնակցելու հնարավորությունից։ Երկու դեպքում էլ հանդիպումների կազմակերպիչները նման մոտեցումը պատճառաբանեցին տարածքի սահմանափակությամբ, ինչն, ըստ մեզ, համոզիչ չէ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, գտնում ենք, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ տեղի է ունեցել խտրական մոտեցում, ըստ այդմ՝ հերթական անգամ ԶԼՄ-ները բաժանվել են յուրայինների եւ օտարների, ինչը չափազանց արատավոր երեւույթ է՝ հատկապես ընտրությունների ժամանակ։

Գնահատելի է այն փաստը, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչը հայցել է լրագրողների ներողամտությունը, սակայն անընդունելի է նախատեսվող այն մոտեցումը, ըստ որի՝ հավատարմագրված լրագրողները միջոցառումներին մասնակցելու են ռոտացիոն սկզբունքով։

Այս կապակցությամբ՝ եւ՛ Սերժ Սարգսյանի, եւ՛մյուս թեկնածուների նախընտրական շտաբերին կոչ ենք անում հանդիպումներ եւ միջոցառումներ կազմակերպելիս այնպիսի վայրեր եւ կարգ նախատեսել, որոնք թույլ կտան քարոզարշավը լուսաբանող բոլոր լրագրողների համար ապահովել հավասար, ոչ խտրական պայմաններ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

LRAGIR.AM

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ

ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ՍՊԻՏԱԿԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԽՈՒՄԲ» ՀԿ

«ԱՄԲՐԵԼԼԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ» ՀԿ

23. 01. 2013 թ.