ՀՀԿ. մոլեգնող անմտությունը

ՀՀԿ. մոլեգնող անմտությունը
ՀՀԿ. մոլեգնող անմտությունը

Գալուստ Սահակյանը գրեթե հայտարարել է, որ 2018-ից հետո Հայաստանի վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը: Հասկացա՞ք: Այսինքն` կռիվը նրա ու Կարեն Կարապետյանի միջև է, ու Հանրապետականն ընտրում է Սերժ Սարգսյանին: Կրկին հասկացա՞ք: Այսինքն` Հայաստանը Հանրապետականն է: Հենց դա է խորհրդարանական կառավարումը՝ երբ պետությունը գնում և սուսիկ-փուսիկ փոշիանում է մի կուսակցության մեջ, որի առաջին դեմքից մինչև վերջին դեմքը քո արժանապատվության բնության մեջ մոլեգնող անմտություն են:

Հանրապետականը շատ նման է մեր բանկերին. տնտեսություն չկա, բայց բանկերը ծաղկում են: Պետություն գրեթե չկա, բայց Հանրապետականը միայն բարգավաճում է: Ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին: Հենց պետության: Այսինքն` մեր: Մեր, որ այլևս մեր պետությունը չենք: Հանրապետականն այսօր իսկապես Հայաստանի Հանրապետությունն է: Որովհետև ինքը և´ մեր «կամքն» է, և´ մեր խայտառակությունն է, և´ մեր արվեստն է, և´ մեր զառամյալ ապագան է, մեր ողորմածությունն է, մեր եկեղեցին է, մեր ընդդիմությունն է և մեր փիլիսոփայությունն է: Ինքը մեր ամեն ինչն է:

Ինքն իր պետությունն ուր ասես կարող է ստեղծել: Հայաստանն այլևս այս 29 հազար քառակուսի կիլոմետրը չէ: Այլապես ինչո՞ւ մարդիկ պետք է փախչեին Հայաստանից: Իրենք Հայաստանից չեն փախչում: Հայաստան լիներ` չէին փախչի: Իրենք ոչ միայն պետության մեջ մոլեգնող անմտությունից են փախչում, իրենք փախչում են այն մտքից, որ Հայաստանը կորցրել է դիմադրողականության բոլոր նշանները: Իր դիմադրողականությունը Սերժ Սարգսյանն է, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Մուկուչյանը: Հայաստանի քաղաքացին փախչում է այնտեղ, որտեղ դեռևս Հանրապետականը չկա: Այսինքն` նա փախչում է դեպի ինքն իրեն գտնելու միջավայր:

Այս հողն ապականված է: Մեզանո՞վ, թե՞ առանց մեզ` բայց ապականված է:

Հանրապետականն ամենուր է:

Վերացնել նրան` կնշանակի վերացնել Հայաստանի Հանրապետությունը: Ու դա արվեց Սահմանադրությամբ: Սերժ Սարգսյանը և նրա բանդան պետք է պատասխան տան հենց այս բանի համար, որ ես ՀՀԿ-ին առընթեր ընդվզող եմ, մեկ ուրիշը՝ ՀՀԿ-ին առընթեր հակաՀՀԿ-ական, մյուսը՝ ՀՀԿ-ին առընթեր զինված ապստամբ, չորրորդը` ՀՀԿ-ին առընթեր ինքնասպան կամ մարդասպան: Որովհետև պետության կառուցվածքն է այդպիսին: Չես կարող հանգիստ խղճով պարզապես լինել ՀՀ քաղաքացի: Դու ամեն ինչ ես ՀՀԿ-ին առընթեր: Ավելին, չես կարող լինել պարզապես մարդ:

Դու չափազանց առընթեր ես ՀՀԿ-ին: Եթե որոշես ոչնչացնել ՀՀԿ-ականին, դա լինելու է նրանց ձեռագիրը, այսինքն` այն, ինչը նրանք երազում են, որպեսզի օղակը սեղմեն: Որովհետև ՀՀԿ-ն մեր լինելության ողորմածությունն է, ու մենք տեսնում ենք, թե ինչ թանկ է նստում մեզ վրա այդ ողորմածությունը:

Ինքը՝ ՀՀԿ-ն, նույն Հայաստանի Հանրապետության մոդելն է, այնտեղ էլ յուրաքանչյուրը ներծծված է Սերժ Սարգսյանով: Այսինքն` կուսակցություն չկա:

Փոքրիկ երկրի համար սա իրականում զվարճալի է: Գրեթե չկա մեկը, որը չի երազում ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վախճանը, որպեսզի տեսնի` է՞լ ինչ կա աշխարհում, չկա մեկը, որ բանականությունը չդնի մի կողմ, որպեսզի չխելագարվի այն մտքից, թե այսքան անկառավարելի խելագարներ ինչպես են կարողանում իրենց ձեռքում պահել իշխանությունը: Մոլեգնող անմտությունն ընդգրկում է արդեն նաև մեզ:

Այդ իմաստով Հայաստանը կարող է դառնալ ավելի վտանգավոր պետություն, քան նույնիսկ Հյուսիսային Կորեան: Վտանգավոր` քաղաքակրթության տեսանկյունից և ոչ թե՝ միջուկային: Վտանգավոր` իր համար և ոչ թե ամբողջ աշխարհի: Հայաստանը կորցնում է մարդուն: Կորցնում է բոլոր առումներով: Ամենասարսափելին սակայն այն է, որ այս ամենը հասկանալն արդեն ոչինչ չի նշանակում:

Եվ ոչ միայն չի նշանակում, այլև հենց հասկանալն է «օգնում» խելագարվելու: Հատկապես, երբ մեկն էլ կանգնում ասում է, որ միակ ճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է:

Տղե´րք, գուցե հոգեբուժարա՞ն:

Մհեր Արշակյան

MediaLab.am