Իմանալ ճշմարտությունը «Մարտի 1-ի» մասին. Արամ Աբրահամյան

Համալսարանի պատմաբանները չկարողացան վեր կանգնել այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից եւ փորձ չարեցին սթափ, անաչառ գնահատական տալ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Նրանց, իհարկե, խանգարեց այն հանգամանքը, որը 4,5 տարի առաջ ակտիվ պայքար մղող ընդդիմությունը այսօր էլ է քաղաքականության մեջ՝ ճիշտ է, բոլորովին այլ կարգավիճակով: Չնայած եթե այդ պատմաբաններն ավելի բարեխիղճ գտնվեին, նրանց ոչ ոք չէր հետապնդի՝ ժամանակները փոխվել են: Պարզապես այդ մարդկանց մեջ դեռ մնացել է խորհրդային մտածելակերպից եկող վախը:

Իմանալ ճշմարտությունը «Մարտի 1-ի» մասին՝ խիստ կարեւոր է եւ արդիական: Համաձայն եմ այն գործիչների հետ, ովքեր պնդում են, որ առանց այդ ճշմարտության բացահայտման մեզ դժվար կլինի առաջ շարժվել: Քաղաքականությունն այսօր խանգարում է այդ իրադարձությունների իրավական, բարոյական եւ պատմական գնահատականին: Իսկ եթե խոսենք մեր նորագույն պատմության, օրինակ՝ 88 թվականի՞ մասին: Այստեղ էլ, ցավոք սրտի, քաղաքական «շերտավորումներն» առայժմ բավականին շոշափելի են: Պատճառները գրեթե նույնն են. իրադարձությունների առանցքային դերակատարներից շատերը ողջ-առողջ են (Աստված, իհարկե, երկար կյանք տա) ու մեծ մասամբ քաղաքականության մեջ են: Թերեւս դրանով է բացատրվում, որ նույն պատմության չարաբաստիկ դասագրքում, երբ խոսվում է ղարաբաղյան շարժման մասին, չի հիշատակվում «Ղարաբաղ» կոմիտեի որեւէ անդամի անուն: Կարդալ ավելին