Երկու երիտասարդներ ձերբակալվել են՝ Հրազդանում 66-ամյա տղամարդու սպանության կասկածանքով

Երկու երիտասարդներ ձերբակալվել են՝ Հրազդանում 66-ամյա տղամարդու սպանության կասկածանքով
Երկու երիտասարդներ ձերբակալվել են՝ Հրազդանում 66-ամյա տղամարդու սպանության կասկածանքով

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երկու անձ ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հարձակում է գործել նույն շենքի բնակիչ, 1953թ. ծնված Լևոն Չուլջյանի վրա և որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին. ստացած մարմնական վնասվածքներից 66-ամյա տղամարդը մահացել էր:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Որոշում է կայացվել՝ քրեական գործի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պարզելու տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրությունները և ենթարկվել զննության:

Նախաքննության ընթացքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Հրազդան քաղաքի բնակիչներ՝ ծնված 2000 և 2001թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ 66-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին