Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են իրավիճակի կարգավորմանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են իրավիճակի կարգավորմանը։

«Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ։ Սկսվել են նաև առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքների արտահանումը Ադրբեջանից Հայաստան»,- APA-ի փոխանցմամբ նշել է Ալիևը։

Ռինկևիչսն իր հերթին հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը մոտ ապագայում կստորագրվի՝ այն կարևոր համարելով թե՛ տարածաշրջանի, թե՛ գլոբալ անվտանգության համար։

«Մենք ցանկանում ենք ընդգծել Ադրբեջանի դերը Տրանսկասպյան տրանսպորտային և էներգետիկ միջանցքներում, ինչը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Լատվիայի, այնպես էլ Եվրամիության համար»,- ասել է Լատվիայի նախագահը։