Իրանը դեմ է երկրների սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե միջանցքի բացմանը․ Բաքվում Իրանի դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին.Factor

Factor.am-ը գրում է.

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսաֆին ադրբեջանական «Թուրան»-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է ձևավորվում Թեհրանի արտաքին քաղաքականությունը։

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Մասնավորապես, պատասխանելով «6-ի ձևաչափի» վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, որն առաջ է քաշվում Արցախյան երկրորդ պատերազմից հետո, դեսպանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այդ առաջարկը հեռատես քայլ է։

«Իրանն առաջիններից մեկն է ողջունել այդ առաջարկը։ Պարզ էր, որ օկուպացիայի քաղաքականությունը չի կարող հավերժ լինել։ Տարածաշրջանի երկրները պետք է ընդունեն ստեղծված իրավիճակը։

Եթե 3+3 ​​պլատֆորմի բոլոր երկրներն ընդունեն այս առաջարկը, ապա մենք տարածաշրջանում շատ լավ զարգացման ականատես կլինենք:

Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանի երկրներ կատարած այցերի ընթացքում հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու պլատֆորմի պետություններին»,- ասել է դեսպանը։

Լրատվամիջոցը հարց է հնչեցրել, որ Արցախյան պատերազմի ավարտից հետո Իրանում տարբեր մակարդակներում քննադատություն է հնչում Ադրբեջանի հասցեին, Թեհրանում դժգոհ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հեռանկարից, քանի որ այն հակասում է Թեհրանի շահերին։

Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ այդ հարցում Իրանում տարբեր տեսակետներ կան։

«Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի հայտարարության մեջ հստակ նշված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։

Չեմ կարծում, որ տարածաշրջանում որևէ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։

Մենք կողմնակից ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած երթուղով՝ առանց պետությունների սահմանների փոփոխության։ Այդ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։

Բռնի կերպով, ռազմական ճանապարհով փոփոխությունը կխախտի տարածաշրջանի կայունությունը, և հիմա դեռ դրա հեռանկարները չկան»,- ասել է իրանցի դիվանագետը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում