Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի՝ ապրիլի 14-ին տեղի ունեցած ձերբակալությանը։

Նա նշել է, որ Հայաստանում գործում են ինստիտուտներ, և հանցանքի դեպքում դրանք արձագանքում են օրենքի սահմաններում։

«Մեզ մոտ աշխատում են ինստիտուտներ, և երբ մարդը հանցանք է գործում՝ անկախ նրանից՝ երիտասարդ կին է, տարեց տղամարդ, թե պաշտոնյա, համակարգը արձագանքում է՝ առաջնորդվելով օրենքով։ Այս դեպքում գործում է քրեական օրենսգիրքը։ Այն հաշվի չի առնում, թե ընտրակաշառք տվողը տարեց է, թե մանկահասակ երեխա ունեցող անձ։

Կարծում եմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, համապատասխան միջնորդություններ ներկայացնելիս, առաջնորդվել է նաև հումանիստական նկատառումներով», – նշել է Հարությունյանը։