«Հրապարակներում հավաքվելը, մեր նյարդերի հաշվին կատարվող այս բոլոր միջոցառումները ես համարում եմ ժամանակավրեպ». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերադարձել է Միացյալ Նահանգներից 

– Պարո՛ն Մովսիսյան, պատերազմի օրերին վերադարձաք Հայաստան: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ ընդդիմադիր 17 կուսակցություններ ակտիվացել են և պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը:

– Ես ունեմ խոր համոզմունք, որ Հայաստանին հիմա պետք է կայունություն: Ինչ էլ լինի, մեր երկիրը չպետք անկայունության շրջանի մեջ հայտնվի, որովհետև դա իսկապես կխաթարի մեր պետականությունը:

Դրա համար հենց հիմա վայրկենական պահանջել, որ էսօր մեկը պետք է հրաժարական տա, դա ուղղակի կա՛մ եսակենտրոնություն է, կա՛մ ինչ-որ քաղաքական շահեր են հետապնդում:

Բայց փաստ է այն, որ երկրում տեղի են ունեցել ֆորսմաժորային փոփոխություններ, և հանրության մի մասը արդեն ունի իր հարցերն իշխանությանը և չի աջակցում իշխանությանը, այդ իշխանության ստորագրած թղթերին, բայց այդ թղթերն արդեն պետական փաստաթղթեր են:

Առանց ցնցումների, այնուամենայնիվ, պետք է Ազգային ժողովն ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ինքնալուծարվի, և տեղի ունենան նոր ընտրություններ, որտեղ ամբողջ քաղաքական ներկապնակը թող ներկա լինի, և ժողովուրդը թող ինքը որոշի, թե ում է տալիս իր քվեն:

Նորից կրկնեմ, որ ամենակարևորն այն է, որ Հայաստանը չտանեն ցնցումների: Այնպես որ, այդ կոչերը, հրապարակներում հավաքվելը, մեր նյարդերի հաշվին կատարվող այս բոլոր միջոցառումները ես համարում եմ ժամանակավրեպ: 

– Խորհրդարանական ընտրությունները այս պահին կարո՞ղ են խնդրի լուծում լինել:

– Այս պահին չէ, այլ որոշ ժամանակ անց: Վարչապետը, կարծում եմ՝ ինքը պետք է հայտարարի այդ ժամանակացույցը: Թող դա լինի, ասենք՝ մի քանի ամիս հետո:

Բայց ես այսօր առավել քան վստահ եմ, որ իշխանությունը, որ այսօր նստած է և, վերջին հաշվով, այո՛, մեղավոր է այդ պայմանագրի համար, մեկ անգամ ևս պետք է հնարավորություն տա ժողովրդին իր խոսքն ասելու, թե արդյոք վստահության մանդատը նորից հանձնո՞ւմ է իշխանությանը, թե՞ արդեն ունի հարցեր, և վստահության պակաս կա: Ժամանակի ընթացքում դա անպայման պետք է լինի, որպեսզի հասարակության մեջ համերաշխություն լինի:

Վերջին հաշվով, մեր իշխանությունները ժողովրդի վստահությամբ են ստացել այդ մանդատները, հետևաբար, ժողովուրդն իրավունք ունի նաև հետ կանչել իր մանդատը, ժամանակի ընթացքում մանդատ տալ այլ մարդկանց, որոնց ինքը կվստահի:

Եթե մենք վստահում ենք մեր ժողովրդի իմաստությանը և խոհեմությանը, ուրեմն պետք է գնանք դրան: Եթե մենք կասկածում ենք դրա մեջ, կներեք, ուրեմն ինչի՞ մասին է դեմոկրատիա կոչվածը, որը մենք կառուցում ենք երկրում:

Ինձ թվում է, որ մենք պետք է վստահենք մեր ժողովրդին, որ նա իմաստուն կլինի նոր ընտրությունների ժամանակ:

Եթե կվստահեն ներկա վարչախմբին, ինչու ոչ, դա ավելի կամրացնի ներկա վարչախմբի դիրքերը այսօր գոռացողների առաջ, որ ասում են՝ հենց այսօր հրաժարական տուր:

Կպարզվի, որ, չէ, ժողովուրդը նրան վստահում է: Գուցե ժողովուրդը ինչ-ինչ կասկածներ ունի, և այդ դեպքում նոր խմբակցություններ կհայտնվեն ԱԺ-ում: Օրինակ՝ ես վստահ եմ, որ ՔՊ-ականներն այլևս բացարձակ մեծամասնություն չեն ունենա այդ նոր խորհրդարանում: 

– Կարծում եք՝ այդ 17 կուսակցություններն այլ նպատա՞կ են հետապնդում:

– Այո՛, ով էս պահին ուզում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ուզում է գալ իշխանության, դրանք պատեհապաշտներ են: Որովհետև իրականության մեջ նրանց բացարձակ չի հետաքրքրում հայրենիքի շահը, հայրենիք գաղափարը: Դրանք միանշանակ մերժելի են, քանի որ այս պահին երկիրը ցնցումների տանելը ես համարում եմ մեր պետականության խաթարում: 

– Պարո՛ն Մովսիսյան, կա՞ Սփյուռքում հիասթափություն Հայաստանի իշխանություններից, վարչապետից:

Գիտեք, ով այնտեղից հիասթափություն է ապրում կամ չի ապրում, դրա լավ դեղատոմսը կա՝ գալ հայրենիք, երբ հայրենիքին դժվար է, երբ հայրենիքը ունի քո կարիքը, գալ և հայտնել քո կարծիքը: Եվ երբ Միացյալ Նահանգների մեր համայնքը կարծիք է հայտնում, ես կասեմ՝ կներեք, ձեռնպահ մնացեք, լինեիք հայրենիքում, հայրենիքի ամենածանր օրերին մասնակցեիք հայրենիքի ճակատագրին:

– Հայաստանում ընդդիմադիրների հանրահավաքին այսօր անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Զարմանալի չէ՞ նրա՝ ընդդիմության հանրահավաքին անդրադարձը և մանիպուլյացիա որակումը:

– Իսկապես զարմանալի է Լավրովի անդրադարձը: Ես մնում եմ իմ կարծիքին, որը վաղուց արտահայտել եմ, Ռուսաստանի պես մեծ տերությունը այս տարածաշրջանում փորձում է ավելի ամրացնել ի՛ր շահերը, ո՛չ հայկական պետականության շահերը: Ավելի քան վստահ եմ, որ այդ շահերը մեր շահերի հետ կապ չունեն:

Ընդհանրապես, երբ աշխարհում խոսում են հայերի մասին, որ մենք լավ ազգ ենք, քրիստոնյա ազգ ենք, որ մեզ պետք է աջակցել, ես համոզված եմ, որ հայ պետականության տերը հայ մարդն է, մյուսներն իրենց շահն են հետապնդում, մյուսների դարդը չի կտրվել, որպեսզի հետաքրքրվեն, թե ինչ է կատարվում այս տիրույթում, և ինչ հերոսական գոյապայքարի մեջ է իր պատմական ողջ ընթացքում:

Մեր նոր սերունդը 15 թվականի շարունակության վկան է: Եվ փառք մեր տղերքին, որ մնում են երաշխավորն այն բանի, որ մեր պետականությունը կլինի ի հեճուկս բոլոր ինտրիգների, բոլոր քաղաքական խաղերի: Մենք պետք է հասկանանք, որ մեր լինելիության երաշխավորը մնում են հայ զինվորն ու հայկական բանակը:

Մանե Հարությունյան 

MediaLab.am