Մենք պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ափսոսանք է հայտնել, որ գերիների հետ կապված զուտ հումանիտար խնդիրն  Ադրբեջանի կողմից, ըստ էության, օգտագործվում է քաղաքական նպատակներով ինչը, նրա բնորոշմամբ, այնքան էլ տրամաբանական չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացիների հարցերին, հավաստիացրել է, որ գերիների խնդիրը շարունակում է գտնվել ամենօրյա ուշադրության կենտրոնում։

«Մենք նաև այս հարցում ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել, և Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի մեր գերիները վերադառնան։ Բանակցությունները մի ճանապարհն են, մի ուղղությունն  են։ Ընդ որում՝ մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ նույնիսկ Հայաստանում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակենք մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ հարցին տալով բացարձակապես հումանիտար բնույթ»,-մանրամասնել է վարչապետը։

Նրա խոսքով՝  խնդրի շուրջ աշխատանքը շարունակվում է, որի մի ուղղությունը բանակցություններն են, երկրորդը ՝ իրավական մոտեցումները։

«Բոլոր դեպքերով Մարդու իրավունքների միջազգային դատարան ենք դիմել և հնարավոր այլ իրավական ատյաններ։ Մի շարք դեպքերում հրատապ միջոցներ կիրառելու որոշումներ ունենք այդ ատյաններից՝ միջազգային կառույցների ու հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա բևեռելով։ Բայց պետք է ասել, որ ակնհայտորեն այդ աշխատանքը բավարար համարվել չի կարող, քանի դեռ մեր գերեվարված եղբայրները չեն վերադարձել Հայաստան, և մենք այդ ուղղությամբ շարունակելու ենք բոլոր ջանքերը գործադրել»,-հավելել է Փաշինյանը։