Պայթունավտանգ կատալիզատոր. Կառավարությունը վախենում է, որ «Դ!եմ եմ»-ը հասարակական-քաղաքական շարժման կվերածվի

Պայթունավտանգ կատալիզատոր. Կառավարությունը վախենում է, որ «Դ!եմ եմ»-ը հասարակական-քաղաքական շարժման կվերածվի
Պայթունավտանգ կատալիզատոր. Կառավարությունը վախենում է, որ «Դ!եմ եմ»-ը հասարակական-քաղաքական շարժման կվերածվի

«Դ!եմ եմ»  քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է երկխոսություն սկսելու մասին վարչապետ ՏիգրանՍարգսյանի առաջարկությանը, բայց օրենքի պարտադիր բաղադրիչի դ!եմ պայքարը չի դադարեցնում: Նախաձեռնությունը կառավարության հետ երկխոսության կնստի, միայն ՍԴ որոշումից հետո:

«Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի», -վարչապետի առաջարկին պաշտոնապես արձագանքել է նախաձեռնությունը:

Նախաձեռնության ակտիվիստ Մանե Թանդիլյանը «Մեդիալաբին» ասում է , որ առաջնայինն այս պահին Սահմանադրական դատարանի դիրքորոշումն է: 

«Վարչապետի հայտարարությունն ընդամենը նշան էր այն մասին, որ իրենք պատրաստ են, բաց են, այնպես , ինչպես մենք ենք  մշտապես հայտարարել, որ պատրաստ ենք  բանակցությունների, բայց օրենքը գտնվում է Սահմանադրական դատարանում եւ անհրաժեշտ է բոլոր հակասահմանադրական կետերը վերացնելուց հետո  հարթակ ստեղծել երկխոսության համար»,-ասում է ակտիվիստը:

 Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստը սկսել է  «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներին ուղղված ուղերձով՝ երկխոսության կոչ անելով երիտասարդներին: 

«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, քանի որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ դիրքորոշումն անընդունելի է, ինչպես մեզ, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար: Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, հատկապես ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքերը առանց թերությունների չեն կարող լինել: Կան, բնականաբար, թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները»,-իր ուղերձում ասել է վարչապետն ու հավելել, որ ճիշտ ճանապարհը` երկխոսության ճանապարհն է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի նրանց որպես կենսաթոշակ: Նոր համակարգը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության տարբեր շերտերի ու ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ: Բողոքի դուրս եկած քաղաքացիները դիմեցին Սահմանադրական դատարան ՝ վիճարկելով «Կուտակային կեսնաթոշակային պարտադիր համակարգի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչ սահմանադրականության հարցը:

Նախաձեռնության ակտիվիստն այս պահի դրությամբ դժվարանում է խոսել կառավարության հետ հնարավորոր երկխոսության ակնկալիքներից: Մանե Թանդիլյանն ասում է, որ նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե իշխանությանն ինչ այլընտրանք կարող է առաջարկել:  Ակտիվիստը չի կարծում, որ այս կոչով եւ ՏՏ ոլորըտին արտոնություններ տրամադրելու վերջին  որոշմամբ կառավարությունը կարող է փափուկ բարձ դնել շարժման գլխի տակ, քանի որ շարժումը վաղուց դուրս է եկել ՏՏ ոլորտի շրջանակներից:

«Իշխանությունը շատ լավ գիտակցում է մեր դիրքորոշումը, մենք պայքարը սկսել ենք պարտադիր բաղադրիչի դեմ եւ պայքարելու ենք ինչ էլ որ լինի: Կարծում եմ, իրենք հասկացել են, որ իսկապես օրենքը շտկման կարիք ունի եւ եթե մտածում էին, թող գործարկվի, հետո կշտկենք, հիմա կարիքը տեսնում են՝ հենց այս պահին շտկելու»,-«Մեդիալաբին » ասում է Մանե Թանդիլյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Դ!եմ եմ» -ին ուղղված կառավարության  վերջին քայելրը բացատրում է շարժմանը  ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի միանալու հնարավորության հանգամանքով: Ըստ նրա, կառավարությանը ոչ այնքան շարժումն է վախեցնում, որքան այս հեռանկարը:

«Այդ միացումը կարող է մեծ ալիք բարձրացնել: Այսօր չորս ոչ իշխանական ուժերի կողմից դրված է կառավարության հրաժարականի խնդիրը եւ կառավարությունը քաջ գիտակցում է, որ եթե մարտի քսանութին ՍԴ-ն վերջնականապես որոշում կայացնի հավանություն տալ կառավարության դիրքորոշմանը, ապա շարժումը զուտ որպես  տնտեսական շարժումից կարող է վերածվել հասարակական-քաղաքական շարժման,- «Մեդիալաբին » ասում է Երվանդ Բոզոյանը:

 Հիշեցնենք, որ մարտի քսաներկուսին, «Դ!եմ եմ»-ը Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսել:

Քաղաքագետի խոսքով, ուկրաինական զարգացումների ֆոնին, Հայաստանի իշխանությունները վախեցած են:

«Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում  իշխանությունը մտահոգ է, որ  որեւէ զարգացում կարող է կատալիզատոր դառնալ: Իսկ կուտակային բարեփոխումների հարցը իրենից ներկայացնում է պայթյուն առաջացնելու ամենահարմար կատալիզատորը»:

Ըստ քաղաքագետի, վարչապետի կոչը  «Դ!եմ եմ» -ի հետ փոխզիջման միջոցով կառավարության համար  պոտենցիալ  վտանգավոր զարգացումները չեզոքացնելու նպատակ ունի:

«Ես չեմ բացառում, որ շարժման մեջ կարող են ներդրված լինել տարբեր մարդիկ եւ ես չեմ բացառում, որ շարժման  մեջ կան մարդիկ, ովքեր ակտիվորեն համագործակցում են իշխանության հետ եւ փորձում են մինիմալ զիջումներ  կորզելով ինչ-որ իմաստով լուծել խնդիրը: Տիգրան Սարգսյանը հույսը դնում է հենց դրա վրա»,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Նրա կարծիքով, Սահմանադրական դատարանը հնարավոր է կոմպրոմիսային որոշում կայացնի:

«Սահմանադրական դատարանը  կարող է առաջարկել իշխանությանը  փոխել օրենքն այնպես, որպեսզի ընդհանուր հայտարարի գա հասարակության հետ: Այդպիսի հոտ է գալիս այդ ամենից»,- նշում է նա:

Էմմա Քալաշյան

© Medialab.am