Իրանական կողմը հայտարարել է, որ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը խոցվել է իրենց կողմից՝ մարդկային սխալի հետևանքով։ Այս մասին տեղեկությունը հաղորդվել է իրանական պետական հեռուստատեսությամբ։ Իրանի իշխանությունները նշել են, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ ինքնաթիռն անցնում էր կարևոր ռազմական օբյեկտի վրայով և սխալմամբ խոցվել է:
Խնդրին արձագանքել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով իր Թվիթերի էջում «անթույլատրելի սխալ» է որակել ինքնաթիռի խոցման գործողությունը։ Ըստ նրա՝ իրանցի զինվորականները պատահաբար խոցել են Կիև թռչող ուղևորատար ինքնաթիռը, որի հետևանքով 176 մարդ է զոհվել է։
Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Նա նաև հայտարարել է, որ իրանական կողմը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը։
Հիշեցնենք, որ Ուկրաինական միջազգային ավիաուղներին պատկանող ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ին՝ Իրանի օդանավակայանի մոտակայքում։ Անձնակազմի անդամներն ու բոլոր ուղևորները զոհվել էին։