Հայաստանի ԿԳՄՍ նախարարը Արցախում է և հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Ըստ աղբյուրի, երկրի ղեկավարը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու Հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում՝ ներգրավելով տարբեր անհրաժեշտ միջոցներ և ստեղծելով համապատասխան պայմաններ:

Նախագահի խոսքով՝ դպրոցականների ու ուսանողների հիմնական մասն արդեն վերադարձել է, և բնակարանային խնդիրների լուծմանը զուգահեռ նրանց թիվը զգալիորեն կաճի:

Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ ջերմ ընդունելության համար և հայտնել իր՝ առկա համագործակցությանը նոր որակ հաղորդելու պատրաստակամությունը:

Վահրամ Դումանյանը նշել է նաև, որ ամանորյա արձակուրդները կանցկացնի Արցախում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։