Աջափնյակում սոցիալական բնակարանների շինարարության մասին. Մանրամասներ է ներկայացնում Հակոբ Կարապետյանը

Երևանի քաղաքապետը ապրիլի 16-ին հայտարարեց Աջափնյակ վարչական շրջանում սոցիալական բնակարանաշինության ծրագրի մասին, որի իրագործման համար, պարզվում է՝ երկար ժամանակ է պահանջվում։

Քաղաքապետն այս հայտարարությունն արել էր իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել են Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:

«Մեդիալաբը» փորձել է քաղաքապետի մամուլի խոսնակից փորձեց պարզել՝ ինչ ծրագիր է, ովքեր կարող են լինել շահառուները, ինչ պայմաններով և երբ այն կարող է կյանքի կոչվել։

– Պարոն Կարապետյան, երեկ սոցիալական բնակարանաշինության մասին հայտարարվեց, ինչո՞ւ այդպես հանկարծակի հայտարարվեց, այդ մասին կարծես չէր ասվել նախկինում։ 

– Այդ ծրագրի մասին քաղաքապետարանում, հասկանալի է՝ առաջին օրը չէ, որ տեղյակ էին։ Կառուցապատող կազմակերպությունը ներկայացրել է մի ծրագիր, որը, ըստ էության, բխում է քաղաքային գործող իշխանության պատկերացումներից՝ քաղաքի զարգացման հետ կապված։

Առավել ևս՝ կա անհրաժեշտություն Երևանի վթարային շենքերը նորով փոխարինելու, այսինքն՝ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիր կա Աջափնյակում։ Ուզում եմ շեշտել, որ քաղաքային իշխանության համար այս բաղադրիչը շատ կարևոր է։ 

Մեխանիզմը շատ պարզ է՝ կառուցապատողը, ով էլ լինի, ներկայացրել է այս ծրագիրը, բայց կարող է քննարկումների արդյունքում ուրիշ ծրագիր լինել։ Այստեղ մենք խոսում ենք գաղափարի մասին և մեխանիզմի մասին։ 

Մեխանիզմը շատ պարզ է՝ ունենք որոշակի բնակմակերես, որը վթարային է ու փոխանակման ենթակա և կառուցապատման, և կառուցապատողն ապահովում է այդ բնակմակերեսը և հանձնում է բնակչին, իսկ մյուս հարկայնության հաշվին ապահովում իր շահույթը։ 

– Այսինքն՝ երեկ հայտարարվածը ավելի շուտ տեսլական է և ոչ թե արդեն գոյություն ունեցող ծրագիր։ 

– Ոչ թե տեսլական է, այլ ավելի շուտ՝ հեռանկարային ծրագիր։ Հեռանկարային ծրագիր է և գրավիչ է նաև նրանով, որ տրանսպորտային զարգացման տրամաբանության մեջ է տեղավորվում։ Այսինքն՝ Աջափնյակում մետրոյի կայարանի գործարկումը և մետրոպոլիտենի՝ այդ ուղղությամբ զարգացումը ավելի գրավիչ է դարձնում այս ծրագիրը։

– Պարոն Կարապետյան, ես ճի՞շտ հասկացա՝ այսինքն՝ դեռ կառուցապատողը հայտնի չէ, և դրա համար դեռ պետք է մրցո՞ւյթ հայտարարվի։

– Մենք այս պահին կարող ենք ասել, որ ոչ իրացման, ոչ նախագծման կամ շինթույլտվության տրամադրման փուլում չենք, և այնպես չէ, որ շինտեխնիկան մի քանի ամիս հետո կարող է այնտեղ աշխատել։ 

Մենք կարող ենք համարել, որ այդպիսով մենք հայտարարում ենք այս ուղղությամբ շարժվելու մտադրության մասին։ Եթե դուք նայել եք մեր երեկվա հաղորդագրությունը, այնտեղ մի կարևոր տող կար՝ առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ Կառավարության քննարկմանը: Ծրագիրը իրագործելու, կյանքի կոչելու հարցում շատ կարևոր են կառավարության դիրքորոշումը և մասնակցությունը որոշ փուլերում։

– Այսինքն՝ դեռ վա՞ղ է ներկայացնել պայմաններ՝ որ բնակիչներին ի՞նչ պայմաններով են հատկացվելու բնակարանները։ 

– Մեր հաղորդագրությամբ տեղեկացրել էինք, որ առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսվի միայն շենքերի կառուցումից հետո: Այսինքն՝ քաղաքացիները իրենց այսօրվա բնակարաններից դուրս կգան նոր բնակարանը կառուցված լինելուց հետո միայն։ 

Դա շատ կարևոր է երևանցիների համար՝ հատկապես անցած 20 տարիների փորձը աչքի առաջ ունենալով, երբ իրացման գոտում գտնվող մարդկանց զրկում էին բնակարաններից, հետո այդ մարդը դատարաններում վիճարկում էր բնակարան ունենալու իրավունքը։ Մարդը ունի վթարային բնակարան, և դա փոխարինվելու է նոր բնակարանով։

– Երեկ քաղաքապետարանի հաղորդագրությունը տարածվելուց հետո որոշ շրջանակներում թերահավատություն էր հնչում, թե՝ այդ ե՞րբ է քաղաքապետարանը կատարել լուրջ ծրագրերը, որ սա կատարի։ Որպես օրինակ մատնանշվում էր տրանսպորտի հարցը, «Հայրենիք» կինոթատրոնի մոտ էստակադի հարցը ․․․

– Աղբի հարցը (ժպտում է-հեղ․)․․․ Դե իհարկե, աղբի հարցը չեն կարող հիշել, որովհետև այն վերջնականապես լուծվել է և ասելու բան չկա։ 

Տրանսպորտի հարցը առաջ են բերում, որովհետև, այո, այդ հարցը դեռ լուծված չի, բայց դա չի նշանակում, որ չի լուծվել և չի լուծվելու։ 

Տրանսպորտի խնդիրը օրակարգում է։ «Հայրենիքի» էստակադի հարցը փորձ է արվում ներկայացնել, որ չեղարկվել է, բայց իրականում այդպես չէ՝ չի չեղարկվել ու կիրագործվի որոշակի պայմաններում։ 

Այդ որոշակի պայմանը առաջին հերթին այն է, որ քաղաքի մուտքն ապահովող շատ կարևոր խաչմերուկը չէր կարող փակվել 1,5 տարի շարունակվող շինարարության պատճառով։ 

Իսկ փակելու համար առնվազն պետք էր այլընտրանքային ճանապարհ առաջարկել։ Ծրագիրը չի չեղարկվել, ժամանակավոր լուծում է տրվել, մինչև այլընտրանքային ճանապարհը՝ Իսակովի-Արշակունյաց, պատրաստ կլինի։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am