«Խնայբանկում» ավանդներ դրած 10 մարդ այս տարի փոխհատուցում կստանա, բյուջեից հատկացում կատարվել է. Նախարար

«Խնայբանկի» ավանդների դիմաց, որ որպես խնայողություն ի պահ են տրվել ԽՍՀՄ ժամանակաշրջանում, 2021-ին փոխհատուցում կստանա մոտ 10 հազար մարդ: Այդ մասին այսօր ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա հիշեցրել է, թե ԽՍՀՄ-ի ժամանակներում խնայված ավանդների փոխհատուցումն ստանում են՝ 1938-ին ծնված և ավելի բարձր տարիքի մարդիկ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, ովքեր հերթում չեն:

«Այս բնակավայրերի ցուցակն անցյալ տարի ավելացել է: Այն ընդգրկում է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի շուրջ քառասուն գյուղեր: Հետևաբար, եթե 2020-ին արտահերթ փոխհատուցում է ստացել 6000 մարդ, ապա այս տարի՝ շուրջ 10 000 մարդ»,-ասել է Առաքելյանը:

Պաշտոնյայի ներկայացմամբ, այդ նպատակների համար 2021 թ. պետբյուջեից հատկացվել է մոտ 1,2 միլիարդ դրամ:

Նկատենք, որ, փոխհատուցման իրավունքը չի փոխանցվում ժառանգներին, եթե ավանդատուն մահանում է:

Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին, նախարարն ասել է, որ դրա համար գործում է սովետական ռուբլին հայկական դրամի վերածելու բանաձև: Օրինակ՝ եթե ավանդը կազմել է մինչև 1000 խորհրդային ռուբլի, ապա այդ գումարը պետք է բազմապատկել 84-ով: