Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները կարող են ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև նրանց հետ առաջնահերթ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ փոխկապակցված անձ ասելով` նկատի ունեն ամուսնուն, համատեղ ապրող ծնողներին և համատեղ ապրող զավակներին:
«Ի տարբերություն նախկինում եղած նման օրենսդրական նախաձեռնությունների, այս մեկը առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն խոսքը տույժերին ու տուգանքներին է վերաբերում, այլ նաև վարկի մայր գումարին»,- ասաց Արման Պողոսյանը:
Օրենսդրական փոփոխություններն ընդունված են, հրապարակված են և ուժի մեջ են մտել, հետևաբար կարողեն արդեն կիրառվել: Արման Պողոսյանը նկատեց, որ սա հնարավորություն է բանկերի ու ֆինանսական կառույցների համար ներելու վարկային պարտավորությունները, այսինքն՝ օրենքով չի կարող դա պարտադրվել, որովհետև երկու անձանց միջև ձևավորված քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկա է:
«Պետությունը բանկերի և վակային կազմակերպությունների հետ կիսում է վարկի չմարման հետևանքով ձևավորված բեռը: Պետք է նկատել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են օգտվել այս գործիքից և առավելագույն մեծ ծավալով մեծ վարկային պարտավորություններ ներել: Սա մենք արձանագրել ենք ֆինանսական կառույցների հետ մեր ամենօրյա շփումների արդյունքում: Այս առումով օերնսդրական փոփոխությունը սպասված էր, և ես համոզմունք ունեմ, որ այն առավելագույնս ծառայելու է իր նպատակին»,- ասաց նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ վարկային տեսակների հետ կապված օրենքով սահմանափակումներ չկան: