«ՀՀԿ-ին ընտրողների թիվը լավագույնս ցույց է տալիս թալանի համակարգում ընդգրկվածների մոտավոր թիվը»․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Շատերն են ամոթանք տալիս ՀՀԿ-ին քվեակողներին: Բայց սա շատ տրամաբանական է, ՀՀԿ-ին ընտրողների թիվը լավագույնս ցույց է տալիս թալանի համակարգում ուղղակի ընդգրկվածների մոտավոր թիվը:

Այս պահին այդ մարդկանց թիվը 13623 մարդ է։ Հասկանալի է, որ եթե նույնիսկ այդ թիվը հասնի 20.000-ի՝ էլի ամբողջը չի լինի: Շատերն արդեն  «փրկություն» են գտել այլ կուսակցություններում, այդ թվում՝ «Իմ քայլում», այլապես նրանց թիվն առնվազն կրկնապատիկ կլիներ: Ընդ որում, նույնիսկ ուրիշ կուսակցություններում ծվարածների մի մասը հաստատ քվեարկած կլինի ՀՀԿ-ին, որովհետև գործնական օգնությունն այնտեղից է սպասում:

Նրանք ՀՀԿ-ին կողմ քվեարկում են ոչ թե երանելի ժամանակները վերականգնելու նպատակով, այլ ինքնապաշտպանական նկատառումով:

Թեկուզ հինգ մարդով ԱԺ-ում լինելու դեպքում ՀՀԿ-ն մաքսիմում կաշխատի այդ մարդկանց պաշտպանելու: Արդեն հինգ-վեց ամիս հենց այդ էլ անում են: Բոլոր հնարավոր իրավապաշտպանական կառույցերով, միջազգայիններով, բողոքներով…

Որևէ մեկը հիշու՞մ է, որ որևէ ՀՀԿ-ական երբևէ փորձած լինի պաշտպանել քրեական կամ քաղաքական հետապնդման ենթարկվող անմեղ մարդու: Իսկ ահա հինգ-վեց ամիս է կաշվից դուրս են գալիս քրեական որևէ մեղադրանք ստացած ՀՀԿ-ականների պաշտպանության համար: Այս չափազանց սելեկտիվ պաշտպանությունն ուղեկցվում է սելեկտիվ արդարադատության մասին մթնոլորտը լցնելով, ինչից մեր հասարակությունը բողոքում է քսան տարուց ավելի»: