«Հայաստանի իշխանությունները պատրաստ էին հանուն խաղաղության զիջել տարածքներ, որպեսզի իրենց թալանածն իրենց մնա»․ Վահան Բադասյան

«Հայաստանի իշխանությունները պատրաստ էին հանուն խաղաղության զիջել տարածքներ, որպեսզի իրենց թալանածն իրենց մնա»․ Վահան Բադասյան
«Հայաստանի իշխանությունները պատրաստ էին հանուն խաղաղության զիջել տարածքներ, որպեսզի իրենց թալանածն իրենց մնա»․ Վահան Բադասյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարո՛ն Բադասյան, Սամվել Բաբայան-Արցախի իշխանություններ փոխադարձ «հրաձգությունը» Արցախում շարունակվում է։ Հիմա էլ Սամվել Բաբայանի գրասենյակն է պատասխանել Արայիկ Հարությունյանին և դետալներ հնչեցրել Սերժ Սարգսյանի հետ կայացած հայտնի հանդիպումից։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հիմա ծավալվել այս պատմությունը, և ո՞ւմ է պետք տաք պահել այս թեման։

– Երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող երկու անձինք իրար հետ բանավիճում են, և պարզ է, որ իրար հակադարձելու են։ Մեր կուսակցության մոտեցումն այն է, որ մենք զերծ ենք մնում նման պայքարից, չենք ուզում որևէ մեկի կողմն անցնել։ Ընդհանրապես, նման մարդկանց կոչ կանեինք հանուն հայ ժողովրդի արցախյան հատվածի անվտանգության, հանուն Հայաստանի հզորացման միանալ մեզ, որպեսզի կարողանանք 1988-ի մեր ժողովրդի պահանջը կատարել, այսինքն՝ Արցախի միացումը Հայաստանին հասցնենք ավարտին։

Դրա համար մենք առաջարկում ենք անցումային փուլի արագ քննարկում։ Իսկ դրա մեխանիզմներից առաջինն այն է, որ հրաժարվենք նախագահի ինստիտուտից։ Սկզբում պետք է Արցախը դարձնենք խորհրդարանական, բայց ոչ թե Հայաստանի սուպերվարչապետական համակարգի նման, այլ հավասարակշռված խորհրդարանական։ Դրանից հետո խորհրդարանը պետք է լուծարվի, և ամենաուշը մի քանի տարի անց պաշտոնական Երևանը Արցախում նշանակի մարզպետ։ Ես ընդհանրապես դեմ եմ նման մրցապայքարին, որովհետև ի՞նչ է նշանակում՝ պայքար Արցախի նախագահի պաշտոնի համար։

Պատերազմից արդեն անցել է 25 տարի, և պետք է այս ամենին ճիշտ գնահատական տրվի նոր Հայաստանի իշխանությունների կողմից, պետք է ժխտել անցյալի սխալները, որը ճիշտ կհասկանա թե՛ միջազգային հանրությունը, թե՛ հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Նրանք կհասկանան, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, և հայ ժողովուրդը ժխտում է նախկին իշխանությունների կողմից Արցախի հարցում ստորագրված բոլոր փաստաթղթերը, որոնք իրականության մեջ ոչ թե փոխզիջում են, այլ մադրիդյան սկզբունքները իրենցից ներկայացնում էին Հայաստանի կապիտուլյացիան Արցախի հարցում։

Բայց այդպես չի լինում, հաղթող երկիրը ինքը պետք է թելադրի պայմաններ։ Իսկ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ասողները, չեմ ուզում դավաճան որակել, բայց նրանք պարզապես քաղաքականապես կույր մարդիկ են, որոնք չեն ուզում պատմությունից դասեր քաղել, չեն ուզում գնահատական տալ մեր «յուրահատուկ» հարևանին։ Ի տարբերություն մյուսների, մեզ համար թուրքը յուրահատուկ հարևան է, ընդգծված ագրեսիվությամբ, բռնակալական դիրքով, արյունարբու վարվելակերպով։ Նրան չի կարելի երբեք վստահել։ Մենք ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք և այլևս սխալվելու իրավունք չունենք։

Մենք պետք է միավորվենք և պատրաստ լինենք պատերազմի։ Եթե մենք միշտ պատրաստ լինենք պատերազմի, թուրքին դարերով ճանաչելով, համոզված եմ, որ թուրքը կվախենա պատերազմից։ Ես չեմ ուզում խորանալ Սամվել Բաբայանի կամ Արայիկ Հարությունյանի ասածների մանրամասների մեջ, բայց այդ ամենից երևում է, որ Սերժ Սարգսյանը և իր նախորդ երկու նախագահները այս 24 տարվա մեջ երեքն էլ միասին վերցրած, չեն պատրաստվել պատերազմի։ Այսինքն՝ բանակը չեն հզորացրել, ընդհակառակը՝ կազմաքանդել են, ուստի նրանք արդեն խաղաղություն մուրացողներ են։ Խաղաղություն մուրալով տարածքներ զիջելու դեպքում կսկսվի ահեղ պատերազմը, և մեզ համար արյունալի վերջաբան կունենա։ Իսկ տարածքները պահելով և ազգովի ժխտելով ամեն մի հակահայ քաղաքականություն՝ մենք դրանով ավելի ենք ապահովում խաղաղությունը։

– Որքանո՞վ Սամվել Բաբայանի այս հայտարարությունը նաև քաղաքական նպատակներ ուներ, քանի որ նա չի բացառում, որ կմասնակցի Արցախի նախագահի ընտրություններին։ Սա ինչ-որ առումով դիվիդենտներ շահելու քա՞յլ է։

– Կարելի է նաև այդպես ենթադրել, որովհետև Սամվել Բաբայանը տեղյակ էր ամեն անցուդարձին, տեղյակ էր Լիսաբոնից սկսած մինչև Քի Վեսթ տեղի ունեցած համաձայնություններին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ սկիզբ դրվեց և Ռոբերտ Քոչարյանի կողմից շարունակվեց խաղաղության դիմաց տարածքներ հանձնելու գաղափարը։ Ինքն այն ժամանակ զբաղեցնում էր Արցախի պաշտպանության նախարարի և ՊԲ հրամանատարի պաշտոնը, փաստացի Արցախի ղեկավարն էր։ Ես ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդին, թե մենք ինչպես էինք ատում Սամվել Բաբայանի իշխանությունը։

Դա միապետական իշխանություն էր, և Հայաստանից ավելի վատ բռնապետական կարգեր էին տիրում։ Չմոռանալով Սամվել Բաբայանի ներդրումը Արցախի բանակի հաղթանակի գործում՝ միաժամանակ ուզում եմ մեր ժողովրդին հիշեցնել, որ բավական է մենք Արցախում նախագահ և կառավարություն խաղանք։

Պետք է միավորվենք և լինենք Հայաստանի կազմի մեջ մի կուռ համակարգ, մեկ պետություն, մեկ բանակ, մեկ ժողովուրդ։ Դա տարածաշրջանում անհրաժեշտություն է, և կրկնեմ՝ աշխարհում բոլորը, այդ թվում՝ Մինսկի խմբի երկրները մեզ կհասկանան ու կգնահատեն մեր կամքն ու համառությունը։ Ես Սամվել Բաբայանին նախևառաջ կառաջարկեի՝ եթե մեզ չհաջողվի Հայաստանին միացումը ապահովել, և այդուհանդերձ Արցախի նախագահի ընտրությունները կայանան, գալ ու այս մեկ տարին ապրել Արցախում։

Ոչ միայն նրան, Արցախի բոլոր նախկին իշխանավորներին կառաջարկեի՝ գալ ու ապրել Արցախում։ Այն տպավորությունն է, որ նրանք Արցախում ապրում են որպես իշխանավոր։ Քանի որ ժողովուրդը համոզված է, որ Արցախի նախագահ, վարչապետ, նախարարներ, ԱԺ նախագահ՝ սրանք ավելորդ պաշտոններ են, մենք վաղուց պետք է միացած լինեինք Հայաստանին, միաժամանակ այդ պաշտոնները զբաղեցնողների մեծ մասը, երբ դառնում են նախկին պաշտոնյա, ապա այլևս Արցախում չի ապրում։

– Այդուհանդերձ, որքանո՞վ են այս բացահայտումները կապված Արցախում 2020 թվականին սպասվող նախագահական ընտրությունների հետ։

– Ես կարծում եմ, որ Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի զրույցի բացահայտումը չի արդարացնում ո՛չ իրենց, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին, որովհետև եթե նրանք այն ժամանակ բացահայտեին և ասեին, թե ինչի՛ն են կողմ, ինչի՛ն՝ դեմ, ես կհասկանայի։

Բայց հիմա, երբ արդեն պետք է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդեն ու դրա համար արտահայտվում են, կարծում եմ՝ չարժե նման բան անել։ Դա մենք՝ ընդդիմությունը, կարող է անել, որն անբիծ անցյալ ունի։ Մենք քաղաքական ուժ ենք, որի անդամներն արդեն 30 տարի ընդդիմության մեջ են։ Մենք չենք եղել իշխանություն, այդ սխալները թույլ չենք տվել, ընդհակառակը՝ իշխանության դեմ այդ սխալների համար հանուն հայ ժողովրդի անվտանգության միշտ էլ պայքարել ենք։ Մենք բարոյական և ամեն տեսակ իրավունք ունենք այդ մասին խոսելու։ Իսկ իշխանություններն այդ իրավունքը չունեն, ու եթե ասում են, նշանակում է՝ շահարկում են։

– Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունների կողմից զիջումների պարտադրանք եղե՞լ է։

– Ոչ միայն պարտադրանք է եղել, այլև համոզել են, որ դա է միակ ելքը։ Նրանք վախենում էին ժողովրդից, որ ասեն՝ ելքը զիջումներն են։ Մենք միշտ ասել ենք, հիմա էլ ասում ենք, որ միակ ելքը հաղթանակի արդյունքների ամրագրումն է և ներկա սահմանների ամրապնդումը։ Եթե Աստված մի արասցե, Թուրքիան, նաև Ադրբեջանը ոտնձգություն կատարեն մեզ վրա, ապա մենք պետք է դուրս գանք այն սահմանները, որն էլ ավելի կամրապնդի մեր դիրքերը։ Ինչո՞ւ են զիջման գնացել Հայաստանի առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները, այսինքն՝ ինչպե՞ս են ծնվել մադրիդյան, կազանյան, մայնդորֆյան սկզբունքները։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ նրանք թուլացրել են բանակը, երկիրը թալանել են, իսկ դրան հակառակ Ադրբեջանն ուժեղացրել է իր բանակը, առավելության է հասել սպառազինության պատերազմում։ Նրանք սկսել են դիրքային առավելություններ ցուցադրել, դիրքեր են առաջ բերում, խոցում են մեր զինվորներին, այդ պարագայում ՀՀ իշխանություններն արդեն պատրաստ էին հանուն խաղաղության զիջել տարածքներ, որպեսզի իրենց թալանածն իրենց մնա։ Նրանց չեն հետաքրքրում ազգային անվտանգությունը, ժողովուրդը, ազգը, պետությունը։ Տեսեք՝ ինչպես Արցախի նախկին իշխանությունները չեն ապրում Արցախում, այնպես էլ Հայաստանում չեն ապրի, եթե Հայաստանը վտանգվի։

Տեսեք՝ Ռոբերտ Քոչարյանն արդեն կամաց-կամաց ուզում էր տեղափոխվել Ամերիկա, վաղը Սերժ Սարգսյանը կփախչի, Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չի արել։ Նրանց համար ազգն ու հայրենիքը չէ չափանիշը։ Նրանց համար հարստությունը, իրենց անձը և իրենք են կարևորը։ Նրանք, որոնք իշխանության եկան, ցավոք, ազգի տեսակը չեն։

Նրանց իշխանության բերեց խորհրդային ԿԳԲ-ն։ Նրանք Արցախում էլ են այդպիսին եղել, հետո այդ երկու անձնավորությունը գնացին Հայաստան, ու ավելի խորացավ նրանց այդ մոտեցումը։ Այս ամենի մեղքը Հայաստանի նոր իշխանություններն են, որոնք համառորեն շարունակում են գնահատական չտալ ՀՀ առաջին, երկրորդ ու երրորդ նախագահների գործունեությանը։ Եթե նրանք գնահատական տան, արդեն շատ հեշտ կլինի թե՛ արտաքին հարաբերության, թե՛ ներքին հարաբերության մեջ շտկել ամեն մի հանցանք, բացթողում։ Իսկ եթե գնահատական չտան, շատ դժվար, եթե չասեմ՝ անհնարին է լինելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am