Օմբուդսմենն առաջարկում է դառնալ միջնորդ. ընդդիմությունը դեռ չի ուսումնասիրել առաջարկը

Օմբուդսմենն առաջարկում է դառնալ միջնորդ. ընդդիմությունը դեռ չի ուսումնասիրել առաջարկը
Օմբուդսմենն առաջարկում է դառնալ միջնորդ. ընդդիմությունը դեռ չի ուսումնասիրել առաջարկը

«Մենք դեռ չենք ուսումնասրել Օմբուդսմենի առաջարկը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում երկուշաբթի` ապրիլի 25-ին հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Երկուշաբթի առավոտյան Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը իր կայքում հայտարարություն է տեղադրել, որտեղ առաջարկել է միջնորդ լինել ընդդիմության եւ իշխանության միջեւ` երկխոսություն ծավալելու հարցում:

«Որպես ՀՀ օմբուդսմեն, այսինքն՝ սահմանադրական միջնորդ, ես իմ կողմից առաջարկվող այս առաքելության տեսանկյունից ունեմ մի քանի առավելություն: Նախեւառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, ավելին` միջնորդի գործառույթն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ:

Բացի այդ, իմ տեւական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ եմ հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ, եւ վերջապես՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, եւ որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները եւ մարդասերները»,- գրել է Անդրեասյանը:

Օմբուդսմենը գրելէ նաեւ, որ ինքը գիտի, որ որպես միջնորդ հանդես գալու իր այս նախաձեռնությունը հնարավոր է քննադատեն տարբեր ճամբարներից, «կխոսեն դրա անկարելիության մասին, վերջում էլ կհեգնեն»:

Այդուհանդերձ, Օմբուդսմենը վստահություն է հայտնել, որ «մեր ընդդիմության եւ մեր իշխանության մեջ կան հայրենասեր, ինտելեկտուալ, պետական մտածողությամբ, քրիստոնեական եղբայրասիրությանը հավատարիմ գործիչներ, որոնց համար կառուցողական քաղաքական երկխոսության եւ ազգային համերաշխության ամեն մի հնարավորություն չափազանց կարեւոր է»:

Կարեն Անդրեսյանը հայտարարել է նաեւ, որ դրական արձագանքի ակնկալիքով եւ կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ` ինքը այս շաբաթ իր առաջարկը գրավոր ուղարկելու է խորհրդարանական իշխող կոալիցիային եւ Հայ ազգային կոնգրեսին:

© Medialab.am