ԿԲ գխավոր քարտուղարն ակնկալում է, որ դոլարի փոխարժեքը կվերադառնա իր հավասարակշիռ մակարդակին

 ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար, բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանը արտարժույթի շուկայում փոփոխությունները, դրամի արժեզրկումը պայմանավորում է երկրում առկա անորոշություններով, ակնկալում, որ դրանց վերացմամբ փոխարժեքը շատ արագ կվերադառնա իր հավասարակշիռ մակարդակին: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Նահապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում իր թեկնածության քննարկմանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ից Հայկ Գևորգյանի հարցին:

Նա նախ նշեց, որ ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով հետևում է արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներին: «Այսօր աշխարհում նկատվում է ԱՄՆ դոլարի որոշակի արժևորման միտում: Դա բնականաբար, արտացոլվում է նաև մեզ մոտ: Բայց, բնականաբար, այն, ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում արտարժույթի շուկայում, ավելի շատ պայմանավորված է Հայաստանում առկա անորոշություններով»,-ասաց Նահապետյանը:

Սակայն նա շեշտեց, որ փոխարժեքի կառավարումը ԿԲ-ի հիմնական խնդիրը չէ,ԿԲ-ն առաջնորդվում է գների կայունության և ֆինանսական կայունության ապահովման առաջնահերթությամբ: «Այն դեպքերում, երբ մեր գնահատմամբ արտարժույթի տատանումները կարող են ռիսկեր առաջացնել գների կայունության և ֆինանսական կայունության մասով, մենք բնականաբար մեր ողջ գործիքակազմը կներդնենք և ունակ ենք ներդնելու»,-ասաց նա:

Նահապետյանն այս պահին իրավիճակը համարեց կառավարելի: «Ես ակնկալում եմ, որ անորոշությունների վերացման պարագայում փոխարժեքը շատ արագ կվերադառնա իր հավասարակշիռ մակարդակին, կունենանք շուկայական փոխարժեք: Ես այս պահին ակտիվ ներգործության անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասաց Նահապետյանը:

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու ԿԲ խորհրդի հերթական նիստը: Այդ օրը կլինի վերջնական վերլուծությունը, և ըստ անհրաժեշտության ԿԲ-ն կարձագանքի իր գործիքակազմով: