ՀՀ ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի Պետության վարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Մոհամմեդ Մուստաֆայի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ որոշումը հիրավի պայմանավորված է «երկու պետություն» սկզբունքով կարգավորմանն աջակցելու, մարդկային մեծ կորուստների հանգեցնող իրավիճակի հանգուցալուծման կարևորության հարցում հետևողական դիրքորոշմամբ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի: