Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերը տեղահանվեցին ամենադաժան ու բռնի ձևերով. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Այսօր մենք ոգեկոչում ենք 35 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ տեղի ունեցած դաժան ոճրագործության զոհերի հիշատակը: Սումգայիթի ջարդերը Խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ քարոզվող ատելության և անհանդուրժողականության ողբերգական հետևանքն էին: Սումգայիթից հետո կոտորածները շարունակվեցին Գանձակում, իսկ 1990 թ. հունվարին՝ Բաքվում:

Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերը տեղահանվեցին ամենադաժան ու բռնի ձևերով:

Մենք մեր պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել ու ամեն ինչ անել՝ ուժեղանալու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու համար, որտեղ էլ  որ նրանք լինեն: Այնպես անենք, որ նրանց կյանքի, արժանապատվության նկատմամբ ոտնձգություն իրականացնողը հասկանա, որ մենք կարող ենք համախմբվել ու արժանի պատասխան տալ: Միայն այդպես է հնարավոր բացառել նման ողբերգական էջերի կրկնությունը», – ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։