«Երեք հանգամանքներ կան, որոնք գրոհի դեպքում անկանախատեսելի են իշխանության համար»․ Ստեփան Դանիելյան

«Երեք հանգամանքներ կան, որոնք գրոհի դեպքում անկանախատեսելի են իշխանության համար»․ Ստեփան Դանիելյան
«Երեք հանգամանքներ կան, որոնք գրոհի դեպքում անկանախատեսելի են իշխանության համար»․ Ստեփան Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը։

֊Պարոն Դանիելյան, արդեն երրորդ օրն է, Հայաստանում արտակարգ իրավիճակ է ստեղծված, բայց իշխանության ներկայացուցիչները լուռ են: Պասիվություն են ցուցաբերում նաև քաղաքական գործիչները: Ո՞րն է պատճառը և ի՞նչ է կատարվում:

֊Այստեղ երկու պատճառ կարող է լինել: Առաջինը, Սերժ Սարգսյանն է որոշում կայացնողը, որովհետև իշխանության տարբեր ճյուղեր ինքնուրույն չեն գործում: Ինքը երևի դեռ չի որոշել իր անելիքները, որոշումը կայացման փուլում է, և տարբեր հանգամանքներից է դա կախված: Քանի որ արդեն հանրայնացվել է իրավիճակը, խառնվել են և միջազգային կազմակերպություններ՝ և քաղաքական, և մարդու իրավունքների առումով, ապա բնականաբար խոսելու բան չունի:

Երկրորդ տարբերակը հետևյալն է: Քանի որ կարևոր և նույնիսկ ոչ շատ կարևոր խնդիրների վերաբերյալ և իշխանությունը ներկայացնող, և ընդդիմադիր համարվող պատգամավորները, և կառավարության անդամները սովոր չեն ինքնուրույն կարծիք հայտնել, քանի որ այդ կարծիքի համար կարող են պատժվել, ապա իրենք չեն կարող առանց հրահանգի, առանց վերևի տեսակետն իմանալու կարծիք հայտնել: Սա միշտ է այդպես եղել, սակայն դրան գումարվել է մեկ այլ երևույթ: Փաստորեն, երբ ճգնաժամային վիճակ է ստեղծվում, այդ պրակտիկան տարածվում է նաև ընդդիմադիր ու պատկան ուժերի վրա: Եվ նաև մենք այս երկու օրը տեսանք, երբ որ բոլորը միաբերան սկսեցին շատ պարզ մի միտք արտահայտել, որովհետև դրա մասով երևի հրահանգ եղել է: Դա Հաայստանի քաղաքական համակարգի բնութագիրն է, որը ճգնաժամային վիճակներում ակնհայտ դրսևորում է ստանում:

֊Այս իրավիճակի համար ի՞նչ հանգուցալուծում եք կանխատեսում, հնարավո՞ր է իշխանությունների կողմից գրոհ լինի «Սասնա ծռեր» խմբի վրա, քանի որ նման վարկած է շրջանառվում:

֊Երեք հանգամանքներ կան, որոնք գրոհի դեպքում անկանախատեսելի են իշխանության համար: Առաջինը, եթե լինեն զոհեր պատանդների և գրոհող ոստիկանների շրջանում, ապա համակարգային խնդիր է առաջանում նույն ոստիկանական համակարգում, որը պահպանողական համակարգ է, և այնտեղ որոշակի օրենքներ են գործում, որոնք այլ տեղ չեն գործում: Սովետական պահպանողական համակարգը մնացել է այստեղ, ոստիկանները զոհվում են հանուն ինչի՞: Եթե քաղաքական ղեկավարությունը չի կարողանում կառավարել և քաղաքական սխալներ է թույլ տալիս, ապա ոստիկաններն ինչո՞ւ պետք է զոհվեն: Սա իր ազդեցությունը կունենա: Երկրորդը հանգամանքն այն է, որ եթե զոհերը լինեն զինված խմբի կողմից, ապա հանրային որոշակի կարծիք կձևավորվի նրանց նկատմամբ: Հանրության մի մասը հասկանում է, նաև արդարացնում է նրանց գործողությունները, որովհետև այլ ելք չեն տեսում, իսկ մեղքը տեսնում են իշխանությունների մեջ: Եվ ամենավտանգավորն այն է, որ այնտեղ կան պատերազմով անցած մարդիկ, նաև կան պատերազմով անցած հազարավոր մարդիկ, որոնք կապ ունեն այդ մարդկանց հետ՝ կամ անձնական հարաբերությունների, կամ իրենց արարքի առումով, որովհետև իրենք հայտարարել են արժեքներ, հանուն որի գնում են մահվան: Այս արժեքները կիսում են նաև մյուսները: Այստեղ նույնպես խնդիր է առաջանում: Միջազգային առումով էլ է խնդիր առաջանում: Միջազգային նորմն այսպիսին է՝ եթե ահաբեկիչները որևէ տեղ ոստիկանական զորամաս են գրավում, ոստիկան է զոհվում, հանրությունը տարօրինակ արձագանք է տալիս, հազարներով հավաքվում են փողոցում ու պահանջում, որ ուժ չկիրառվի: Եթե այլ ժողովրդավարական ելքեր կան, սա աննորմալ պահվածք է: Դա առաջացնում է այլ հարցեր, որը գործող իշխանության համար ցանկալի չէ, բացի նրանից, որ ցանկալի չէ, կարող է ունենալ հետևանքներ, օրինակ՝ ֆինանսական:

֊Ի վերջո, ի՞նչ վիճակում է այսօր հայտնվել իշխանությունը, կարծես իրավիճակը փակուղային է:

֊Իշխանություն ասելով՝ մենք պետք է նկատի ունենանք նրանց, ովքեր որոշում են կայացնում կամ ովքեր ազդեցություն ունեն որոշում կայացնելու վրա: Այդ շրջանակը շատ նեղ է: Եթե նրանք այսօր չեն խոսում, ինձ թվում է, որ իրենք դեռ չգիտեն ինչ ասեն: Կամ էլ բանակցություններ են գնում: Եթե անգամ բանակցությունները բարեհաջող անցնեն, այդտեղ լուծումներ են պետք: Եթե այդ մարդիկ ինչ-որ երաշխիքներով նույնիսկ բաց թողնվեն, իսկ Քրեական օրենսգիրքը նման հնարավարություն տալիս է, կամ այլ զիջումների գնա իշխանությունը քաղբանտարկյալների և այլնի առումով, ապա նախադեպ է ստեղծվելու, որ Հայաստանում այլևս հարցերը ուժային ճանապարհով պետք է լուծվեն: Դա նույնպես վտանգավոր է իշխանության համար: Հակառակ դեպքում նույնպես վտանգավոր է: Նաև այլ հարցեր կան, ասենք, միջազգային առումով, թեկուզ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ռուսաստանում նույնպես տեսնում են, որ Հայաստանի իշխանությունը, չկարողանալով լուծել իր հարցերը, հասցրեց նրան, որ այս իրավիճակն ստեղծվեց, իրենք արդեն դառնում են Հայաստանի թշնամիներ: Հաշվի առնելով տարածքները հանձնելու մասով Ռուսաստանի նկատմամբ հնչող մեղադրանքները՝ դա նույնպես, ինձ չի թվում, թե նույն Ռուսաստանին դուր կգա: Այսինքն՝ սա սխալ վարված քաղաքականության հետևանք է, որ նման իրադարձություն է տեղի ունենում:Ամբողջ փունջը դրվում է սեղանին, և ինչ-որ առումով ստեղծվում է անելանելի իրավիճակ, որտեղ ցանկացած քայլը սխալ է իշխանության համար:

էմմա Մանուկյան

MediaLab.am