Առաջիկա օրերին իրանցի վարորդները ադրբեջանական կալանքից ազատ կարձակվեն, իրանական բեռնատարներն այլևս Արցախ չեն մտնի. իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը 

– Պարո՛ն Դավուդյան, Իրանի արտգործնախարարությունը  օրերս  անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից կալանավորված իրանցի վարորդների վերադարձի հարցին: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված վիճակի վերաբերյալ արտաքին գործերի նախարարության անդրադարձը:

– Նկատենք, որ իրանցի երկու վարորդի կալանավորումից միայն չորս օր անց է Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածում՝ պահանջելով վարորդների շուտափույթ ազատ արձակում: Հատկանշական է նաև այն, որ այս հայտարարությանը նախորդել էին Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, Երևանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրիի հանդիպումը Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ և Հայաստանի ու Իրանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում:

Անցած չորս օրերի ընթացքում ես հետևել եմ Իրանի տպագիր և էլեկտրոնային մամուլին, Իրանի ԱԳՆ և Երևանում ու Բաքվում Իրանի դեսպանությունների կայքէջերին։ Իրանի ԶԼՄ-ներում նվազագույն անդրադարձ կա իրանցի վարորդների կալանման դեպքին:

– Այս հարցի վերաբերյալ իրանական կողմի, եթե կարելի է ասել՝ պասիվությունը ինչո՞վ է բացատրվում՝ ըստ ձեզ:

– Իրանցիների ուշադրության կենտրոնում են Աֆղանստանի դեպքերը, Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման Վիեննայի բանակցությունները, կորոնավիրուսի դեմ պայքարը, նոր նախագահի կադրային քաղաքականությունը և տնտեսական վիճակը։

Իրանի արտաքին գործերի նախարարության և Երևանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքէջում որևէ անդրադարձ չկա այդ խնդրին։ Երևանում Իրանի դեսպանության կայքէջից պարզ է դառնում, որ դեսպան Զոհուրին նախորդ օրերին երեք հանդիպում է ունեցել՝ Մատենադարանում, Ամենայն հայոց կաթողիկոսի և Իրանում Հայաստանի դեսպանության տնտեսական կցորդի հետ, իրանցի վեց դատապարտյալ Երևանից փոխադրվել է Թեհրան։ 

Լայնորեն լուսաբանվել է Դուշանբեի Փաշինյան-Ռայիսի հանդիպումը, որտեղ գեթ մեկ պաշտոնական անդրադարձ չկա Գորիս-Կապան ճանապարհի վերջին դեպքերին։ Զուսպ է նաև Բաքվում Իրանի դեսպանության կայքէջը․ փոխարենն այս կայքում հրապարակվել է Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինի հոդվածը։ 

Հենց այս հոդվածում էլ երևում են Գորիս-Կապան ճանապարհի վերջին դեպքերի կապակցությամբ Իրանի կեցվածքն ու բուն մտահոգությունները։

– Պարո՛ն Դավուդյան, Բաքվում Իրանի նախկին դեսպանի հոդվածից մանրամասներ կներկայացնե՞ք, որտեղ, ինչպես դուք եք ասում, երևում են Իրանի կեցվածքն ու մտահոգությունները՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասով:

– Ուզբեկստանում, Թաիլանդում, Զամբիայում և Ադրբեջանում դեսպանի պաշտոնը զբաղեցրած իրանցի հմուտ դիվանագետը ադրբեջանական որոշ շրջանակների հակաիրանական քայլերը սադրանք է համարում, որը միտում ունի խափանել երկուստեք բարեկամական կապերը և ծառայել օտարոտի շահերին։ 

Նա քննադատում է նաև ադրբեջանցի այն գործիչներին ու մամուլը, որոնք փորձում են էթնիկ հողի վրա խաթարել երկու երկրների հարաբերությունը․ այդ շարքին կարելի է դասել նաև Ադրբեջանի խորհրդարանի անդամներից Գուդրաթ Հասանգուլիևի հակաիրանական արտահայտությունները և Իրանի թյուրքախոս զանգվածներին ընդդեմ կենտրոնական իշխանություններին ոտքի հանելու սպառնալիքը։ 

– Ինչ եք կարծում, այս համատեքստում, երբ հայկական կողմն ասում է, թե ադրբեջանական կողմի քայլերն ուղղված են Իրանի դեմ, ու, ըստ էության, ակնարկում է, որ առաջացած խնդիրն էլ պետք է Իրանը կարգավորի, իսկ Իրանն էլ, ինչպես նշում եք, զգուշավորություն է ցուցաբերում, խնդիրն ինչպե՞ս է լուծվելու:

– Հայկական կողմի դիրքորոշումը պարզ է, քանի որ ինչպես Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, անցած դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհը պետք է անարգել օգտագործվի Հայաստանի տրանսպորտային միջոցների ու բեռների տարանցման համար։ 

Բայց օտարերկրյա բեռների տարանցման համար ոչինչ չի քննարկվել, իսկ փոխվարչապետն էլ հաջորդ օրը հայտարարեց, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով է աշխատում։ Խնդիրը այս պահին մեծ հաշվով այնքան էլ մեր դաշտում չէ»։ 

Հետևաբար՝ կարծում եմ, որ իրանցի երկու վարորդի հարցն առաջիկա օրերին կլուծվի, նրանք ադրբեջանական կալանքից ազատ կարձակվեն, իրանական բեռնատարներն այլևս Արցախ չեն մտնի, իրանական անհրաժեշտ բեռները մեր բեռնատարները կվերաբեռնեն Մեղրիի մաքսակետում, մենք որոշ ժամանակ չենք կարող ընդունել իրանական բազմասռնի (երեքից ավել սռնի ունեցող) բեռնատարներ, մինչև ընդլայնվի Կապան- Տաթև այլընտրանքային ճանապարհը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am