«Փաշինյանն այն մարդն է, որի խոսքին հավատալը շատ դժվար է». Ըստ Հայրիկյանի՝ ճշմարտությունից զատ բոլոր ճապարհները տանում են դեպի անորոշություն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԻՄ ռաջնորդ Պարույր Հայրիկյանը:

– Պարո՛ն Հայրիկյան, բոլոր հրապարակները զբաղված են, բոլոր կողմերից քաղաքացիներին հանրահավաքի են հրավիրում: Ի՞նչ պետք է անի քաղաքացին այսօր, մոլորված վիճակո՞ւմ է, թե՞ ոչ:

– Ինչպես բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում, ազնիվ քաղաքացին պետք է կարողանա մի բան անել՝ գտնել ճշմարտությունը և գնալ դրա հետևից: Մյուս բոլոր ճանապարհները տանում են դեպի անորոշություն: 

Իսկ եթե ավելի առարկայական խոսենք, ապա, ցավոք սրտի, նույնիսկ կարևորագույն հարցով տարաբևեռ ընդդիմությունը չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ և առողջ լուծումներ առաջարկել: 

Ինչ վերաբերում է Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այստեղ մենք մի ուրիշ խնդիր ունենք. նա այն մարդն է, որի խոսքին հավատալը շատ դժվար է: Նույնիսկ եթե ամենակարևորի՝ Սահմանադրության մասին խոսենք, սկզբից Սահմանադրությունը կարված էր Սերժի հագով, հետո ասվեց՝ ի՞նչ անենք, որ Սերժի հագով է կարված, Սահմանադրությունը հաճախ փոխելը լավ բան չէ: 

Հետո ասաց՝ սահմանադրական հանձնաժողով եմ ստեղծում, և այդ հանձնաժողովը պետք է հայեցակարգ մշակի, բոլոր հարցերը կարող են մշակվել բացի մեկից, այն է, որ պետք է ունենանք խորհրդարանական համակարգ: 

Իսկ արդեն երեկ ասում է՝ կյանքը ցույց տվեց, որ խորհրդարանական համակարգը լավը չէ, պետք է ունենանք կիսանախագահական համակարգ: Տեսեք, թե այս մի հարցում ինչպիսի խարխափումներ է արել: 

Եվ սա այն դեպքում, երբ մոտ մեկ ամիս առաջ կա 7 կուսակցությունների տված նախագիծը: Ոչ միայն հայեցակարգ, այլ հենց նախագիծ: Այս պայմաններում խոսել Սահմանադրության հետ կապված գաղափարի մասին և չանդրադառնալ 7 կուսակցությունների ավարտուն փաստաթղթին, նույնպես ցույց է տալիս, որ մենք դեռ շատ մեծ ազնվության դեֆիցիտ ունենք: 

– Հիմա Սահմանադրության հետ կապված մինչև հոկտեմբեր ժամանակ է նշում վարչապետը: Դուք հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխությունների մասով քննարկումներին մասնակցելը:

– Տեսեք, հիմա ինքը նշեց մինչև հոկտեմբեր, և դա ցույց է տալիս իր անհետևողականությունը: Ես նույնիսկ մերձավորներիցս կշտամբանք ստացա միայն այն բանի համար, որ արձանագրեցի, որ նա խոսել է ինչ-որ բանի մասին: Ասում են՝ լավ, դու չգիտե՞ս նա ով է: Դուք գիտե՞ք, որ դեռ 2020-ի փետրվարին, երբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով էր ստեղծվում, արձանագրվում էր, որ հանձնաժողովի ստեղծումից հետո երեք ամսվա ընթացքում հայեցակարգ պետք է ներկայացվի, և մինչև 2020 թվականի սեպտեմբեր պետք է լիներ նախագիծը: 

Հետո սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծման մասին փաստաթուղթը վերախմբագրվեց: Ամսաթիվը նույնը թողնվեց, բայց բովանդակությունը փոխվեց, որ մինչև դեկտեմբերի վերջ պետք է լինի հայեցակարգ և մինչև հունիս տալ Սահմանադրության նախագիծ: Այսինքն՝ հիմա ինքը ոչ թե ցույց տվեց, որ հետաքրքրված է Սահմանադրությամբ, այլ ևս մեկ անգամ հետաձգեց ժամկետները: 

Այսինքն՝ մենք գործ ունենք, չասեմ՝ փոփոխամտության, հերթական անպատասխանատու հայտարարության հետ: Իսկ մենք ոչ թե պատրաստվում ենք քննարկումներին, այլ մենք սկսել ենք քննարկումները, մենք տվել ենք փաստաթուղթ, որին իրենք չեն կարող չանդրադառնալ: 

Ընդամենը մեկ շաբաթ հետո ժամկետը լրանում է, դրանից հետո մենք արդեն ոչ թե 7 կուսակցությունով, այլ, ես հավատում եմ, որ այլ քաղաքական ուժեր՝ անկախ այլ հարցերում տարաձայնություններից, և մենք ավելի հզոր թիմով կաշխատենք: 

Ընդհանրապես սեպտեմբեր-հոկտեմբերը չի ժամկետը, մի փոքր բարի կամք դրսևորելու դեպքում մայիսին արդեն կարելի է ավարտած ունենալ և՛ հանրաքվեով Սահմանադրության ընդունումը, և՛ Ընտրական օրենսգրքի մշակումը: 

– Արտահերթ ընտրությունների հարցի շուրջ քննարկումներն ինչպե՞ս եք գնահատում: Վարչապետը նորից կոչ արեց գալ ու քննարկել այդ հարցը, պայմանավորվել ժամկետների շուրջ:

– Եթե դու շուտով Սահմանադրություն ես ընդունելու, Սահմանադրության ընդունմանը անպայման հաջորդում է անցումային շրջան, ինչը ենթադրում է նոր ընտրություններ: 

Այսինքն՝ եթե հիմա առաջարկում ես արտահերթ ընտրություններ կատարել, մի քանի ամիս հետ նորի՞ց պետք է ընտրություններ անես: Այստեղ էլ անտրամաբանական, անհետևողական և նույնիսկ, կարող եմ ասել՝ ոչ մասնագիտական մոտեցման հետ գործ ունենք: Ընտրական օրենսգիրքը չի կարող փոխվել առանց Սահմանադրության մեջ արմատական փոփոխություններ կատարելու: 

Երեկ արդեն ինքն ազդարարեց իր հասունացման մասին: Ինքն այնքան նման է Լևոնին այդ իմաստով: Լևոն Տեր-Պետրոսյանը 1998 թվականին անձամբ ինձ ասաց, որ ես ճիշտ էի, երբ իրեն առաջարկում էի, որ Հայաստանին նախագահ պետք չէ, որ Հայաստանը կարող է ունենալ միայն ժողովրդի կողմից ընտրված վարչապետ: 

Ասաց, բայց հետո հրաժարական տվեց ու իր հասկացած ճշմարտությունն էլ մարդկանց չտվեց: Հիմա էլ սա է. եթե դու ինչ-որ բան ես հասկացել, եթե մեջդ կան մի փոքր ազնվություն ու պատասխանատվություն, դու քո հասկացածը պետք է քննարկես նրանց հետ, որոնք քեզ այդ ուղղությամբ ասում էին և դեռ պատրաստ են քեզ այդ հնարավորությունը տալու: 

Եթե մենք դիմում ենք հանձնաժողովին, ուրեմն մենք երկխոսելու պատրաստ ենք: Մենք չենք ասում՝ գնա գրողի ծոցը: Բայց, ցավոք սրտի, չկա այն առողջ մոտեցումը, որ պետք է և՛ մեր ժողովրդին, և՛ իրեն: Որովհետև դա նաև իր փրկությունն է: 

– Այս իրավիճակում լուծումը ո՞րն է, ելքը որտե՞ղ եք տեսնում: Ինչպիսի՞ հանգուցալուծում պետք է լինի այս իրավիճակին:

– Ես հիմա ինձ կարող եմ բավական երջանիկ համարել, որ տարիներ շարունակ ԱԻՄ-ը միայնակ էր այդ ուղղությամբ աշխատում, հիմա մենք ունենք դաշնակիցներ: Բացի դրանից, նաև կողքից հայտարարություններ անողներ կան: 

Կամ, օրինակ՝ «Ժառանգությունը» մեզ հետ էր մինչև վերջին րոպեն, նա էլ կաշկանդված է իր ծրագրում եղած հանգամանքներով, որովհետև ժամանակին իրենք ունեցել են այդպիսի որոշում, որ խորհրդարանական կառավարման մոդելի համար պետք է աշխատեն: Հանգուցալուծումը հիմնական ճանապարհով պետք է գնա: 

Առանձին հարցեր, ընթացիկ կառավարում, ընթացիկ անվտանգություն, իհարկե, առաջնահերթությունները կան, մասնավորապես, գերիների հարցը: Ես անգամ հումորով էլ եմ գրել. ասում եմ՝ լսի՛ր, Ալիևը մեղադրում է, որ գերիները ահաբեկիչներ են, չե՞ս կարողանում ասել՝ էդ մարդկանց ես եմ ուղարկել, դա իմ սխալն է, մարդիկ ենք ուղարկել տարածքներ, ասա՝ իմ սխալմունքով մարդիկ են ուղարկվել այն տարածքներ, որոնք մենք կարծում էինք՝ մերն է, դու կարծում ես՝ ձերն է, արի այս հարցը փակենք:

Հիմա ամենադժվար բանն արված է, Սահմանադրությունն ընդունվում է կամ քաղաքական համաձայնության ճանապարհով, որտեղ համագործակցում կամ իրար հակադրվում են նախասիրությունները, և կա գիտական ճանապարհը, որի հիմքում ընկած է քաղաքացիների իրավահավասարությունը, քաղաքացիների՝ երկրի տեր լինելու հանգամանքը, որը եթե մաթեմատիկական ճշգրտությամբ է ներկայացված, անբեկանելի է, դրա դեմ խոսել չես կարող: 

Մեզ հաջողվել է գտնել այդ ճանապարհը, և դա նախագծի տեսքով տրված է: Դա նաև Հայաստանին շատ մեծ վարկանիշ է բերելու, որովհետև համաշխարհային մակարդակով նորամուծություն է: 

Հանգուցալուծումը ներքին քաղաքական ճգնաժամի հարցում դա է, որ իշխանությունը և ընդդիմության մյուս թևերը գիտակցեն, որ կա սկզբունքային մոտեցում, որին պետք է աջակցել: 

Դա նպաստելու է մնացած բոլորի՝ Նիկոլ Փաշինյանի արտահերթ ընտրություններ կատարելու ցանկությանը, նպաստելու է ընդդիմության՝ Նիկոլին հեռացնելու ցանկությանը: Մենք առաջարկել ենք ճանապարհ, և եթե ողջախոհություն ունենար և իրավահավասարության սկզբունքով պատրաստված փաստաթղթի քննարկումներին աջակից լիներ, մենք անսպասելի դրական զարգացումների շարքի ականատես կլինեինք բոլորս:

– Ինչպե՞ս եք գնահատում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի քայլը և դրանից հետո արդեն ՀՀ նախագահի քայլը, որը, ըստ էության, հնարավորություն տվեց, որ Օնիկ Գասպարյանն ազատվի պաշտոնից: Կարծում եք՝ բանակը փորձում էր խառնվել քաղաքականությա՞նը:

– Ես շտապողական եմ համարում գնահատականը, թե տեղի ունեցածը հեղաշրջման փորձ էր: Շատ լավ հասկանում եմ, որ Սահմանադրությամբ զինվորականները պետք է ընդհանրապես ձեռնպահ մնան քաղաքական դիրքորոշում հայտնելուց: 

Բայց այստեղ նաև մասնագիտական հարց էր և իրենց մասնագիտությունից բխող հարց էր: Տեղի է ունեցել մի կողմից զինվորականների՝ քաղաքականությանը չմասնակցելու դրույթի անտեսում, մի կողմ թողնենք, թե ինչ պատճառով, ում ներշնչմամբ, մյուս կողմից տեղի է ունեցել անթույլատրելի քրեական հանցագործությամբ մեղադրանքի հրապարակում: Որովհետև հեղաշրջման փորձը ծանր քրեական հանցագործություն է: Իսկ հեղաշրջումը մյուս հանցագործությունների նման նախապես չի հրապարակվում, որ մտադրություն կա այդպիսի բան անելու: Այնպես որ, գործ ունենք ևս մեկ անհեթեթության հետ: 

Ինչ վերաբերում է նախագահի դիրքորոշմանը, ես, եթե անկեղծ լինեմ, իրենից ոչ մի սկզբունքային դիրքորոշում չեմ սպասում: Որովհետև նա և՛ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, և՛ ստորագրում էր Նիկոլ Փաշինյանի թիմի բոլոր առողջ ու անառողջ փաստաթղթերը: 

Հրաժարական պահանջողն իրեն այդպես չպետք է պահեր: Կա՛մ լռեիր, կա՛մ եթե հրաժարական ես պահանջում, քեզ պահեիր այնպես, ինչպես հրաժարական պահանջողը պիտի պահեր: Ինքը ճգնաժամային պայմաններում ազգին անհրաժեշտ կերպարներից չէ՝ իմ կարծիքով: 

Մանե Հարությունյան

MediaLab.am