Նոր ձերբակալություններ Գյումրիի համայնքապետարանում. «Ազատություն»

Գյումրիի համայնքապետարանում նոր ձերբակալություններ կան: Նրանք կրթության բաժնի 3 կին աշխատակիցներ են, ովքեր, ըստ Քննչական կոմիտեի, աշխատանքից ազատելու սպառնալիքով, մյուսներին ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգեն իրենց ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին՝ երեխաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել Գյումրու քաղաքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները ձերբակալում էին Վարդան Ղուկասյանին, Գյումրիի ՔՊ-ականները տեսանյութեր էին հրապարակում փակ մանկապարտեզներից՝ պնդելով, թե աշխատակիցները հավաքի են տարվել:

Ձերբակալված կանանցից մեկը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կոշտ քննադատ, խորհրդարանի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է, որը նորեկ չէ քաղաքապետարանում: Պատգամավորն այսօր պնդեց, թե ձերբակալված զոքանչին պարտադրել են:

«Իմ զոքանչը հարում է մեր քաղաքական հայացքները, եթե նման բան էլ է եղել, առնվազն դա պարտադրանքի արդյունք է եղել, ստիպելու», – նշեց Սարուխանյանը:

Ավելի վաղ էլ քաղաքապետի խորհրդականն ու բաժիններից մեկի ղեկավարն էին ձերբակալվել: Թե ընդհանուր քանի ձերբակալված կա հոկտեմբերի 20-ին հարուցված քրեական վարույթի շրջանակներում, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել ու խափանման միջոց ընտրվել, դեռ այնքան էլ հստակ չէ: Քննչականից ավելի ուշ տեղեկություն կտրամադրեն:

Ի մի բերելով այս օրերին իրավապահների հայտնած տեղեկությունները, ստացվում է Գյումրիում հոկտեմբերի 20-ի իրադարձությունների հետևանքով ավելի քան չորս տասնյակ մարդ է ձերբակալվել շաբաթասկզբից: Գործը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով, 15 հոգի արդեն կալանքի տակ է: