Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը աբսուրդ է որակել Զաքարյանին առաջադրված մեղադրանքը և ներկայացրել մանրամասներ.
«Մեղադրանքի ձևակերպման մեջ դատախազությունը նշել է, որ նախքան Մխիթար Զաքարյանի կողմից համայնքի ղեկավար ընտրվելը, Ագարակ քաղաքի բնակիչը հաղթելով 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում, վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի այդ ժամանակվա ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ տարեկան 600․000 դրամ վարձավճարով և վերջինիս վրա ընկերությունը, հողի նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:
Ինչպես նկատեցիք, մինչ այս պահը տեղի ունեցած իրադարձությունների հետ Մխիթար Զաքարյանը որևէ կապ և առչություն չունի, քանի որ այդ ժամանակ չի հանդիացել համայքնի ղեկավարը։ Սակայն շարունակելով մեղադրանքը, դատախազությունը դրանում նշել է, թե արդեն 2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի նոր ղեկավար հանդիսացող Մխիթար Զաքարյանը, տեղեկանալով, որ այդ հողակտորն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, որ դրա վրա ապօրինի կարգով շարժական կապի բջջային կայան է կառուցված, չի կատարել այդ ապօրինի հողօգտագործումը կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունը, մասնավորապես՝ միակողմանի չի խզել համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը, այլ դրա փոխարեն համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը տարեկան 18․000 դրամի փոխարեն սահմանել է 300․000 ՀՀ դրամ, որը մի քանի տարի շարունակ վճարվել է համայնքի բյուջե։
Նշված ձևակերպումից էլ ակնհայտ է, որ Մխիթար Զաքարյանի գործողությունների հետևանքով համայնքի բյուջե ամեն տարի 18․000 դրամի փոխարեն վճարվել է 300․000 ՀՀ դրամ գումար։ Սակայն այս ամենի հիման վրա դատախազությունը եզրակացրել է, որ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․000 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․000 ՀՀ դրամ։
Այսինքն, ստացվում է, որ ըստ դատախազության տրամաբանության, եթե Մխիթար Զաքարյանը կատարեր մեղադրանքում նշված գործողությունները, այն է՝ միակողմանի խզեր քաղաքացու հետ կնքած վարձակալության պայմանագիրը և կասեցներ ու վերացներ ապօրինի հողօգտագործումը, ապա այդ ժամանակահատվածում համայնքի բյուջե ավելի շատ գումար կվճարվեր, այսինքն՝ կվճարվեր նաև որպես ծանր վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը։
Ակնհայտ է, որ նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող ցանկացած անձ կարող է հասկանալ այս պարզ տրամաբանությունը, որ եթե Մխիթար Զաքարյանը կատարեր դատախազության նշած գործողությունները՝ խզեր այդ վարձակալության պայմանագիրը և վերացներ այդ ապօրինի հողօգտագործումը, ապա համայքնի բյուջե ոչ միայն այդ ծնար վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը չէր վճարվելու, այլև չէր վճարվելու նաև այդ վարձակալության արդյունքում արդեն իսկ վճարված 3․657․000 ՀՀ դրամ գումարը։
Այսինքն, փաստացի ստացվում է, որ այդ ենթադրյալ լիազորությունները չկատարելու հետևանքով Մխիթար Զաքարյանը ոչ թե վնաս է պատճառել համայնքի բյուջեին, այլև՝ 3․657․000 ՀՀ դրամի օգուտ։ Իսկ եթե չկա պատճառված վնաս, ապա չկա նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։
Անկեղծ ասած մի քանի անգամ կարդացել եմ մեղադրանքի այս ձևակերպումը, քանի որ անհնար էր հավատալ, որ դատախազությունը կարող է նման մեղադրանք ձևակերպել կամ թույլ տալ դրա գոյությունը, որից հետո էլ արագ կերպով դրա մասին հայտարարություն տարածել դատախազության պաշտոնական կայքում։ Սակայն փաստ է այն, որ այդ աբսուրդ մեղադրանքն առկա է, իսկ դրա պատճառները դեռևս կբացահայտվեն։
Ընդ որում, այս տրամաբանությունը բացատրելու նպատակով միջնորդություն եմ ներկայացրել քննիչին և դատախազին, խնդրելով պարզաբանել մեղադրանքի էությունը, թե ինչպես կարող էր պայմանագիրը խզելու դեպքում ավելի շատ գումար վճարվել համայնքի բյուջե, եթե դրա խզման դեպքում ընդհնարապես որևէ գումար չէր վճարվելու։ Փորձում եմ ինձ համոզել, որ դրա մասին վերադաս դատախազները խորությամբ տեղյակ չեն ու տեղեկանալուն պես կվերացնեն այդ ապօրինությունը»։