«Իշխանությունների հետ կապված մեծահարուստներն ավելի մեծ հնարավորություններ են ստանում ու դառնում մրցունակ». Վարուժան Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

– Պարո՛ն Հոկտանյան, հոկտեմբերի 1-ին պաշտպանության նախարարությունը մոտ 5,5 մլրդ դրամ արժողությամբ գնման պայմանագիր է կնքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ի հետ: Ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, երբ օրվա իշխանության հետ սերտ կապեր ունեցողները նման մրցույթներում հաղթում են:

– Քանի որ այդ հրատապ բաց մրցույթին, բացի «Մեգա թրեյդ»-ից, մասնակցել են բենզինի շուկայի այլ խաղացողներ՝ «Ֆլեշ», «Մաքս օիլ», «ՍիՓիԷս օիլ» և «Կար պետրոլ» ՍՊԸ-ները, կարող ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, մրցույթ եղել է, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա. գուցե ներքին պայմանավորվածության արդյունքում է հաղթել հենց «Մեգա թրեյդ»-ը, նկատի ունեմ մասնակից ընկերությունների միջև եղած պայմանավորվածություն, սա չի կարելի բացառել, բայց հստակ պնդում անելու համար անհրաժեշտ է շատ լուրջ վերլուծություն իրականացնել: 

Երկրորդ խնդիրն այն է, որ երբ որոշակի ուժեր են գալիս իշխանության, նրանց հետ կապված մեծահարուստներն ավելի մեծ հնարավորություններ են ստանում ու դառնում ավելի մրցունակ: 

Շատ ավելի խոր ուսումնասիրություն է պետք, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ այս դեպքում Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունը մինչ հեղափոխությունը մրցունակ եղե՞լ է, թե՞ ոչ, արդյոք մինչ այս նման տենդերներ շահե՞լ է, թե՞ ոչ: 

Եթե այս դեպքում էլ, ինչպես նախկինում, պարզվի, որ մինչ այս «Մեգա թրեյդ»-ը ոչ մի տենդեր չի շահել, ապա պարզ կդառնա, որ մեր բիզնեսը շարունակում է չափազանց կախված մնալ քաղաքական վերնախավից: 

– Անկախ ձեր նշած խոր ուսումնասիրություններից, այնուամենայնիվ, նման գործընթացներում կոռուպցիոն ռիսկեր, շահերի բախում չկա՞ն:

– Բնականաբար, կոռուպցիոն ռիսկերն ամեն քայլի կան, խնդիրն այն է, թե այդ ռիսկը կվերածվի՞ դրսևորման, թե՞ ոչ: Որ ռիսկ կա, բնական է, առանց դրա հնարավոր չէ ու ոչ միայն Հայաստանում, աշխարհի բոլոր երկրներում էլ կա կոռուպցիոն ռիսկ: 

Այս ոլորտը, դժբախտաբար, կոռուպցիոն ռիսկերով հարուստ ոլորտ է, բայց, կրկնում եմ՝ խնդիրն այն է, թե այդ ռիսկը կվերածվի՞ դրսևորման, թե՞ ոչ: Դրա համար ժամանակային խոր ուսումնասիրություններ են պետք, թե մինչև հեղափոխությունը ի՞նչ էր այդ ընկերությունը, ովքե՞ր էին այդ տենդերները շահում, ինչի արդյունքներից էլ պարզ կլինի իրողությունը: Թե չէ կոռուպցիոն ռիսկ, իհարկե կա, վերաձևակերպեմ մի հայտնի կարգախոս՝ կոռուպցիոն ռիսկ կա՛, կա՛ կոռուպցիոն ռիսկ:

– Պարո՛ն Հոկտանյան, ճի՞շտ կլինի սահմանափակում մտցնել, որ օրվա իշխանության հետ առնչակից կազմակերպությունները նման գործընթացների մասնակցության հայտ չներկայացնեն, թե՞ դա էլ կդիտվի խտրական դրսևորում:

– Կտրականապես դեմ եմ այդ մոտեցմանը, դա մեկ այլ ծայրահեղության կհասցնի: «Գնումների մասին» օրենքում ու ամբողջ աշխարհում կա հասկացություն՝ գին՝ արժեքի դիմաց, այսինքն՝ պետությունը վճարում է արժեքի համար: Կարևորը՝ վերջնարդյունքն է, մատակարարի պարտականությունների լիարժեք կատարումը: 

Հիմա եթե փորձենք ձեր ասած ֆիլտրը դնել, դա կբերի շատ լուրջ խնդիրների, հնարավոր է, որ այդ պարագայում պետությունը ոչ մի արժեք չստանա: Պետք է փորձել այնպես անել, որ արժեք ստեղծող ընկերությունները, այսպես ասած, հավասար պայմաններում մրցելու հնարավորություն ունենան: 

Իսկ որպեսզի կոռուպցիոն ռիսկը չվերածվի դրսևորման, անհրաժեշտ է շատ լուրջ վերահսկողություն իրականացնել ոչ միայն լիազոր մարմնի՝ ֆինանսների նախարարության, այլ նաև իրավապահ մարմինների կողմից: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am