Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Սարկոզիի հետ

Մարտի 7-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) պատվիրակությանը և Փարիզում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանին:
Հանդիպման ընթացքում Սարկոզին հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք առաջարկելու իր մտադրությունը:
Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ասել է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում մտադիր է Հայոց ցեղասպանության հետ կապված նոր օրինագիծ առաջարկել: Սարկոզին ասել է, թե անընդունելի է Ֆրանսիայի տարածքում հայ ժողովրդի ապրած ցեղասպանության իրողության ժխտումը:
Պատվիրակության կազմում են եղել այնպիսի անվանի հայազգի գործիչներ, ինչպիսիք են ֆրանսահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանը, Շառլ Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանը և Պատրիկ Դևեջյանը: Վերջինս ֆրանսահայ քաղաքական գործիչ է, 1990-ականներից Սարկոզիի մտերիմ խորհրդականն է, եղել է նաև նախարար:
© Medialab.am