Արցախում նպատակային են համարում ՏԻՄ ընտրություններն անցկացնել վարչատարածքային բարեփոխումներից հետո

Արցախում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից առաջ, ըստ Սահմանադրության դրույթների, մշակվել էր վարչատարածքային բարեփոխումների հայեցակարգ, որը պետք է իրականացվեր մինչև 2021 թվականի մարտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական և վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Անուշ Մարտիրոսյանը մանրամասնեց, որ ըստ այդմ՝ նախատեսված էր հանրապետության շրջանների վարչական կազմակերպման ձևաչափը փոխարինել համայնքայինի, ըստ այդմ՝ արդեն խոշորացված համայնքներում կազմակերպելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Առայժմ նպատակային է, որպեսզի իրականացվեն վարչատարածքային բարեփոխումներ, որից հետո կազմակերպվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Պայմանավորված հետպատերազմական իրավիճակով՝ այդ ուղղությամբ չենք հասցնում աշխատանք իրականացնել:

Ներկայում ՏԻՄ-երի աշխատանքը շարունակվում է նույն կարգավիճակով: Առայժմ հստակ չէ, մինչև վարչատարածքային բարեփոխումների իրագործումը՝ կլինի՞ ինչ-որ փոփոխություն վարչատարածքային բաժանման մասին  օրենքում և ՏԻՄ-երի միջանկյալ կարգավիճակ, թե՝ ոչ»,-մանրամասնեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ պայմանավորված հետպատերազմական իրողություններով` վարչատարածքային բարեփոխումներին նոր մոտեցում պետք է ցուցաբերվի: