Մեդիալաբի հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, «Լեզվի մասին» Արցախի օրենքի փոփոխության հեղինակներից Գագիկ Բաղունցը
– Պարո՛ն Բաղունց, դուք ձեր գործընկերների հետ շրջանառության մեջ եք դրել մի օրենքի նախագիծ, որով առաջարկում եք ռուսերենը Արցախում դարձնել պաշտոնական լեզու։ Ինչպե՞ս է այս նախաձեռնությունն ընկալվել Արցախում, ԱԺ մյուս խմբակցությունների կողմից:
– Սա իմ և «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արամ Հարությունյանի նախաձեռնությունն է: Մյուս խմբակցություններից «Արդարություն» խմբակցության պատգմավորներից մեկն է ցանկություն հայտնել միանալ: Մյուս երկու խմբակցությունները՝ ՀՅԴ-ն ու «Արցախի ժողովրդական կուսակցութունը», դեռ հստակ վերջնական կարծիք չեն հայտնել: Այնուամենայնիվ, օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրված, մոտակա ժամանակներս և՛ հանրային քննարկում կկազմակերպենք, և՛ ԱԺ հանձնաժողովների կողմից կքննարկվի: Կարծում եմ՝ ընթացքը կլինի դրական:
– Ձեզ չե՞ն մտահոգում հնչող հայտարարությունները, որ այսկերպ Արցախը գնում է իր ինքնիշխանության վերջնական կորստի: Ինչո՞ւ առաջացավ նման նախաձեռնության անհրաժեշտություն:
– Ինչի՞ց ելնելով եք նման կտրուկ եզրակացություններ անում: Հայերենը ինչպես եղել է Սահմանադրության պահանջի համաձայն, այդպես էլ մնում է միակ պետական լեզուն: Խոսքը ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին է, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, ստեղծված հետպատերազմյան իրավիճակով, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայությամբ: Ես կարծում եմ՝ սա կնպաստի ՌԴ-ի հետ սերտ համագործակցությանը՝ սկսած տնտեսական, քաղաքական, վերջացրած մշակութային համագործակցությամբ, այդ թվում նաև՝ քաղաքաշինության ոլորտում: Մենք փորձում ենք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել մեր համագործակցության համար, որը կլինի Արցախի և՛ անվտանգության, և՛ հետագայում կայուն զարգացման երաշխիք:
– Ուսումնական ծրագրերո՞ւմ էլ են սպասվում նման փոփոխություններ, թե՞ սա միայն գրագրությանն է վերաբերում:
– Ես տասնյակ տարիներ կրթության համակարգում եմ աշխատել, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում. միանշանակ փաստ է, որ օգտագործվող գրականության գրեթե 80 տոկոսը ռուսերեն է: Մենք լուրջ ուշադրություն չդարձնելով ռուսերենին՝ լուրջ պրոբլեմներ ունենք դասավանդման ընթացքում, հետագայում՝ մասնագիտացման ոլորտում: Այսինքն՝ մենք առավել պահանջված ենք տեսնում ռուսերենը: Այսօր նման տեխնոլոգիական արագ տեմպերով զարգացման իրավիճակը թելադրում է, որ մենք պետք է հնարավորություն ունենանք առանց որևէ պրոբլեմի օգտվել արտասահմանյան գրականությունից, այդ թվում՝ ռուսերենով: Քանի որ իրավիճակը շատ արագ է փոխվում, նման գրականությունը մենք ցանկության դեպքում անգամ չենք հասցնի հայերեն թարգմանել: Ռուսերենից չօգտվելով՝ մենք լուրջ խնդիրներ կստեղծենք որակյալ կրթություն ապահովելու համար:
– Հնարավո՞ր է Արցախում ռուսական դպրոցներ բացվեն կամ հայկական դպրոցները դառնան ռուսական:
– Մենք օրենքով հատուկ պահպանելու ենք հայերենի՝ որպես միակ պետական լեզվի կարգավիճակը, որպեսզի նման մտավախություններ չլինեն բնակչության և համապատասխան մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ դուք նման մտահոգություն չեք հայտնում, որ, ասենք, չինական դպրոց է բացվում Երևանում, նաև անգլերենով, ֆրանսերենով մի շարք առարկաներ են դասավանդվում: Գրեթե պահանջված նման մեր քայլի վերաբերյալ մտահոգություն եք հայտնում:
– Այդուհանդերձ, ինչո՞ւ ռուսերենը դարձնել պաշտոնական լեզու:
– Որովհետև պատերազմը նոր է եղել, պաշտպանության և անվտանգության խնդիրը նման կտուկ ձևով ոչ մի անգամ չի եղել: Վերջին տասնամյակների ընթացքում մենք երբեք նման լուրջ սպառնալիքների առջև չենք կանգնել: Եթե որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչ մեծ վտանգ կա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով, այդ մարդկանց ես ուղղակի չեմ հասկանում: Կոչ եմ անում մի քիչ իրատեսորեն մոտենալ նման հարցերին: Ռուսերեն մի արտահայտություն կա, ասում են՝ գլուխը կորցրած մարդը մազերի համար չի մտահոգվում: Հիմա մենք ինչ ենք կորցրել, ինչ վտանգների առջև ենք կանգնել: Եթե մենք մի փոքր քայլ ենք կատարում դեպի Ռուսաստան, որը միակ երաշխավորն է այս ադրբեջանա-թուրքական ալյանսի դեմ, ես չեմ հասկանում, թե ինչու դա պետք է նման մտավախություն առաջացնի:
– Տեսակետ կա, որ այս քայլով փորձում եք հաճոյանալ ռուսներին:
– Ի՞նչ է նշանակում հաճոյանալ: Հիմա եթե մի ընտանիքում մեկը մյուսի նկատմամբ ուղղված քայլ է անում, դա հաճոյանալու նպատա՞կ է հետապնդում, թե՞ ընդհանրապես համագործակցության մի բաղադրիչ է:
– Սա նրա՞նց կողմից արված առաջարկ է, թե՞ ձեզ մոտ է հղացել միտքը:
– Ես հարցն այլ կերպ ձևակերպեմ. այլընտրանք տեսնո՞ւմ եք խաղաղապահ ուժերի առկայությանը՝ Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Եթե տեսնում եք, բացատրեիք պատերազմի 44 օրվա ընթացքում: Սա մեր նախաձեռնությունն է, մեր ընկալումն է իրավիճակից դուրս գալու, իրավիճակը փրկելու անհրաժեշտությունից ելնելով:
– Արցախում այդ նախագծից դժգոհողներ չկա՞ն:
– Ակնհայտ դժգոհություն չկա, կան մտահոգություններ: Իմ կողմից մանրամասն իրավիճակը գնահատվել է, քննարկվել է մեր գործընկերների հետ:
– Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանը գրառում է արել և հայտարարել, որ Արցախում պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն:
– Դա նրա կարծիքն է, նա իրավունք ունի ցանկացած մոտեցում ցուցաբերել: Մենք դեռ հանրային քննարկումներ կունենանք, ԱԺ-ում քննարկումներ կունենանք: Ես ոչ մի անգամ 100-տոկոսանոց վերջնական կարծիք չեն հայտնել: Բոլոր մոտեցումները, առավելևս՝ օրենքի նախագծի, ճշգրտման, փոփոխության ենթակա են: Վերջնական որոշումը դեռ առջևում է: Մենք բոլորս պետք է փորձենք ամենաարդյունավետ ճանապարհները փնտրենք այս իրավիճակից դուրս գալու համար: Ես բոլորի կարծիքն էլ հաշվի եմ առնում թե՛ որպես հեղինակ, թե՛ որպես պաշտոնյա: Այսօր ոչ մեկը չի կարող ասել, որ միակ ճշգրիտ ճանապարհն ինքը գիտի։
Մանե Հարությունյան
MediaLab.am