Ընտանեկան բռնության մասին օրենքը կապ չունի նույնասեռական ամուսնությունների հետ

Ընտանեկան բռնության մասին օրենքը կապ չունի նույնասեռական ամուսնությունների հետ
Ընտանեկան բռնության մասին օրենքը կապ չունի նույնասեռական ամուսնությունների հետ

Ընտանեկան բռնության մասին օրենքի անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ Հայաստանում գլուխ բարձրացրած մի շարք ուժեր ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով խեղաթյուրել պատկերացումները օրենքի կարգավորման առարկայի և նպատակների վերաբերյալ: Եկեք անդրադառնաք ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ տարածվող ապատեղեկություններին:

Այսպիսով, տարածված կարծիք է շրջանառվում, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը Հայաստանում նույնասեռական ընտանիքներ ստեղծելու օրենսդրական հիմք կդառնա:

Սա բացարձակապես կապ չունի օրենքի կարգավորման առարկայի և նպատակների հետ: Օրենքը պաշտպանում է ընտանիքում բռնության ենթարկվող ցանկացած անձի՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և այլ հատկանիշներից: Ընտանեկան բռնության մասին օրենքը որևէ երկրում չի կարգավորում նույնասեռական ամուսնությունների հարցը և առհասարակ, ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար, ըստ օրենքի, պարտադիր չէ ՔԿԱԳ-ում պաշտոնապես գրանցված ամուսնական հարաբերության մեջ լինելը:

Այլ կերպ ասած՝ օրենքը չի կարգավորում ընտանիք կազմելու վերաբերյալ որևէ հարց, այլ պաշտպանում է անձանց բռնությունից: Ընտանիքի կազմավորման հարցերը կարգավորվում են Ընտանեկան օրենսգրքով:

Օրենքի նախագծի վերաբերյալ այսօրինակ սուտ տեղեկատվությունը նպատակ է հետապնդում այն արհեստականորեն կապել մի ոլորտի և խնդրի հետ, որը ընտանեկան բռնություն երևույթի հետ ուղիղ կապ չունի:

Այլ երկրներում և միջազգային կառույցներում ևս ընտանեկան բռնության օրենսդրության ծագումն ու զարգացումը որևէ կապ չի ունեցել և չունի նույնասեռականների իրավունքների պաշտպանության հետ: Այն եղել և մնում է կանանց իրավունքների պաշտպանության համատեքստում:

Ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենքի ընդունումը հնարավորություն կտա կանխարգելել բռնությունը՝ ինչը պետության դրական պարտավորությունն է: Օրենքի նախնական, դեռևս վերջնականապես չհաստատված նախագծով նախատեսվում է ստեղծել մի շարք ինստիտուտներ, որոնք մինչ օրս չեն եղել ՀՀ իրավական համակարգում:

Դրանք պաշտպանական միջոցների տեսակներն են. նախատեսվում է ստեղծել  պաշտոնական նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կայացման ինստիտուտներ:

Դրա շնորհիվ ՀՀ ոստիկանությունը կստանա լիազորություններ՝ անձանց ընտանեկան բռնությունից ավելի էֆեկտիվ պաշտպանելու և հանցագործությունները կանխելու համար… Այնինչ, այժմ ոստիկանությունն ունի միմիայն եղած ընտանեկան բռնությունների դեպքերը բացահայտելու ֆունկցիա:

Հ.Գ. Առաջիկայում մենք կանրադառնանք այդ օրենքի մասին տարածվող այլ ապատեղեկություններին ևս:

Արման Ղարիբյան

Բնօրինակն՝ այստեղ