Շնորհանդես. Ժիլբեր Սինուէ. «Երևան»

Շնորհանդես. Ժիլբեր Սինուէ. «Երևան»
Շնորհանդես. Ժիլբեր Սինուէ. «Երևան»

Մայիսի 20-ին ԳԱԱ գրականության ինստիտուտի դահլիճում կայացավ ֆրանսիացի հանրահայտ գրող Ժիլբեր Սինուէի «Երևան» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

Իր գրքի հայ ընթերցողին ուղղված հատուկ նախաբանում Ժիլբեր Սինուէն գրում է. «Երևանի» հայերեն թարգմանությամբ ես հանկարծ ինձ զգացի հայ ընտանիքի «իրավասու» անդամ: Եվ չեմ թաքցնում՝ դա ինձ համար մեծ պատիվ է»:

«Հայ և ֆրանսիացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու սիրո ևս մեկ հուշարձան ավելացավ այսօր մեր գրական անդաստանում, մի գողտրիկ հուշարձան. դա Ժիլբեր Սինուէի «Երևան» վեպի հայերեն թարգմանությունն է,- բացելով շնորհանդեսի արարողությունը՝ ասաց «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը: Նա հակիրճ վերլուծությամբ ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրական պատկերը գեղարվեստի լեզվով, բայց միաժամանակ «անզարդ խոսքերով» և դրանով իսկ կրկնակի անմոռաց ու տպավորիչ ներկայացնելու թե՛ հեղինակի և թե՛ թարգմանչի հիրավի արժեքավոր աշխատանքը»:

Վեպի թարգմանիչ, ԽՍՀՄ և ՀՀ Ժուռնալիստների միությունների անդամ Զարմիկ Սարգսյանը հակիրճ ներկայացրեց թարգմանության նախապատմությունը: 

«Ֆրանսիացի հեղինակի «Երևանը» լրացրեց Մեծ եղեռնի մասին օտարազգի գրողների անկեղծ ու սրտաբուխ գրքերի շարքը, որն սկսել էին Ֆրանց Վերֆելը և Էդգար Հիլզենրաթը: Եվ հուսանք, որ Ժիլբեր Սինուէն այդ շարքում վերջինը չի լինի, մանավանդ հիմա, երբ աշխարհի աչքն օր օրի ավելի է բացվում, աշխարհն ավելի պատրաստ է տեսնելու և իմանալու ճշմարտությունը»,- իր խոսքում նշեց «Վրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» մենագրության հեղինակ,  գրող, մշակութաբան Ասատուր Փաշայանը:

Անդրադառնալով մշակութային մակարդակում ձեռք բերվող նվաճումներին և հայ-ֆրանսիական անկեղծ բարեկամությանը՝ Ջոտտոյի թանգարանի տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը նկատեց, որ Ֆրանսիայի և նրա ժողովրդի հանդեպ մեր սերն ու երախտագիտությունն սկսվում է դեռևս հայ դատի պաշտպաններ Ժան Ժորեսի և Անատոլ Ֆրանսի ժամանակներից:

ՀՀ Աժ պատգամավոր, բանաստեղծ Տաճատ Վարդապետյանը, արժևորելով կատարված աշխատանքը, նշեց, որ այս վեպի շնորհիվ մեր ֆրանսիացի բարեկամների թվին ավելացավ ևս մեկը՝ ճանաչված գրող Ժիլբեր Սինուէն է, իսկ նրա շնորհիվ՝ նաև նրա բազմահազար ընթերցողները:

«Չափազանց տպավորված եմ Հայաստանում ֆրանսիացի հեղինակի և նրա ստեղծագործության այսպիսի գեղեցիկ ներկայացմամբ,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և հաղորդակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը,- և ուրախությամբ կարող եմ ասել, որ   բնագիրը կարդացած լինելով՝ ես նույնպիսի հաճույք ստացա վեպը հայերենով ընթերցելուց»:

Ժիլբեր Սինուէ

Ճանաչված  գրող և սցենարիստ Ժիլբեր Սինուէի ստեղծագործություններն արժանացել են  Ֆրանսիայի  գրական բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում Գրան պրիի: Պատմական անցյալի փայլուն իմացության, հարուստ ու հյութեղ լեզվի, լարված ու գրավիչ պատումի շնորհիվ Սինուէի պատմավեպերից շատերը դարձել են բեսթսելլերներ:  Նրա ստեղծագործությունների վերնագրերն արդեն իսկ ձգում են ընթերցողին՝  «Ավիցեննա կամ Սպահանի ճանապարհըե, «Եգիպտուհինե,

«Նեղոսի դուստրըե, «Վերջին փարավոնը», «Որդուս՝ երրորդ հազարամյակի շեմին», «Դեսպանի կինը», «Աստծո լռությունը», «Էհնաթոն, աստված անիծյաել, «Խաչյալ թագուհին», «Լամպով տիկինը»,  «Ես՝ Հիսուսս ե և այլն»:

Ժիլբեր Սինուէի պաշտոնական կայքէջը՝  http://www.sinoue.com  

«Երևան»

●  «Երևան» վեպում մի ընտանիքի ճակատագրի և վավերագրական  հղումների հենքի վրա ներկայացված է էրզրումահայության տեղահանության և սպանդի  պատմությունը:

● Վեպի առաջաբանը գրել է Շառ Ազնավուրը:

● «Երևան» վեպը բնագրից հայերեն է թարգմանել ԽՍՀՄ և ՀՀ ժուռնալիստների միությունների անդամ Զարմիկ Սարգսյանը, լույս է ընծայել «ՄՀՄ գրատուն» հրատարակչությունը, շապիկը՝ Անուշ Ստեփանյանի: 

● Գիրքն ունի խորհրդանշական էջանշան: Այն պատրաստված է վերամշակված թղթով, որի մշակման ժամանակ օգտագործվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկների թերթիկներ: