Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագծի վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները:   

Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք Կառավարության՝ 2022 թվականի փետրվարի 17-ի հերթական նիստի աշխատանքները: 

Մինչ օրակարգին անցնելը, ուզում եմ անդրադառնալ հետևյալին. այսօր հայտարարվել է Հյուսիս-хարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Գիտեք, թե այս նախագիծը ռազմավարական ինչպիսի մեծ նշանակություն ունի մեզ համար: Մրցույթի իմաստը հետևյալն է. մենք առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, ովքեր կարող են և հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու: Գիտեք, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է: Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, Հյուսիս-հարավ նախագիծը, ըստ էության, մենք վերաձևակերպել ենք և դարձրել ենք Հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք նախագիծ: 

Հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Ըստ էության, սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը, նկատի ունեմ Հյուսիս-աարավ, արևելք-արևմուտք, կամ եթե կարճ ասենք՝ հայկական խաչմերուկի ճյուղերից մեկը, կկապի հյուսիսը հարավին,  այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան և հետագայում՝ դեպի Նախիջևան, Թուրքիա: Եվ մենք այս նախագիծը տեղավորում ենք ահա այս ընդհանուր կոնտեքստում: 

Պետք է հույս ունենալ, որ մինչև տարվա վերջ արդեն կոնկրետ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը: Իհարկե, Արևելք-արևմուտքի նախագծային հատվածն արված չէ, բայց հընթացս քաղաքական պայմանավորվածությունների և համաձայնությունների ձեռքբերման համատեքստում մենք շատ արագ կիրականացնենք նաև այդ հատվածը:

Գիտեք նաև, որ մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի:

Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր: 70 օրվա ընթացքում ընկերությունները, հույս ունենք, ակտիվորեն հայտ կներկայացնեն, որից հետո արդեն որակավորված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության աշխատանքների համար հայտարարված մրցույթին: Եվ այս պրոցեսը, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտենք, գործնականում արդեն մնա իրագործման փուլը: Պարոն Սանոսյան, որևէ բան ունե՞ք ավելացնելու:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան – Շնորհակալություն: Եթե թույլ կտաք, մի քանի տեխնիկական պարամետրեր նշեմ: Նախ՝ Հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը մոտ 560 կմ է: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ սա 60 կմ ամենաառանցքային հատվածներից  մեկն է: Այժմ գործող ճանապարհը Սիսիանից դեպի Քաջարան միջինում ունի մոտ 50 կմ/ժ արագություն: Մենք այս ճանապարհի կառուցմամբ կունենաք 100 կմ/ժ արագությամբ ճանապարհ, որը շուրջ 2 ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը, նաև կլինի բարեկարգ, ժամանակակից ստանդարտներին բավարարող անվտանգ ճանապարհ, ինչը, կարծում ենք, ռազմավարական և տնտեսական առումով շատ կարևոր է: 6 տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար: Ամբողջովին նոր ճանապարհային հատված է, որտեղ կան շուրջ 4,7 կմ միայն կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ, դրանք 5 թունելներ են, որոնցից մեկը միայն 8.6 կմ երկարություն կունենա: Այսինքն՝ խոշորամասշտաբ ծրագիր է, և ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան, բավական հայտեր ունենանք և եթե այլ խոչընդոտող հանգամանքներ չլինեն, տարվա վերջին ունենանք նաև շինարար: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Իհարկե, մենք, ընդհանուր առմամբ, դիտում ենք Սիսիան-Ագարակ հատվածը մեկ ամբողջության մեջ: Արդեն շարունակության հետ կապված էլ որոշում կկայացնենք և հնարավորինս արագ կանցնենք իրագործման փուլին: Իհարկե, հիմա առանձնահատկությունն այն է, որ Հյուսիս-հարավ հատվածում մենք բնականոն գործող ճանապարահներ ունենք, արևելք-արևմուտք հատվածում բնականոն գործող ճանապարհներ չունենք: Իհարկե, հույս ունենք նաև Արևելք-արևմուտք հատվածով հնարավորինս արագ հասնել լուծումների և, ըստ անհրաժեշտության, ունենալ ժամանակավոր գործող ճանապարհ և հետագայում՝ այս նախագծի ամբողջացման կոնտեքստում ունենալ նաև հիմնական, արդեն վերջնական, այս նախագծի համատեքստում գործող ճանապարհ: