Փետրվարի 20-ին այդ մարգինալ հատվածը կտրուկ քայլերի չի գնա, քանի որ չի կարող հավաքել կրիտիկական զանգված. քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Փետրվարի 20-ին 17 ուժերը հանրահավաք են անցկացնելու, և, կարծես, բոլոր ուժերը ներդրվել են այդ հանրահավաքը բազմամարդ անցկացնելու համար: Ձեր կարծիքով՝ նրանց սպասելիքները կարդարանա՞ն:

– Դա կախված է նրանից, թե ինչպիսի սպասելիքներ ունի այդ մարգինալ հատվածը: Ամենայն հավանականությամբ, նրանք փորձում են ամբողջ ռեսուրսը ներդնել և գնահատել իրենց ուժերը գարնանն ընդառաջ:

Իհարկե վճռական գործողությունների մասին խոսք անգամ լինել չի կարող, անհնար է հավաքել կրիտիկական զանգված իշխանությանը տիրելու, կամ քաղաքական որոշումներ կայացնելու հետ կապված վճռական փոփոխություն տեղի ունենա, սակայն հավաքագրել ամբողջական ռեսուրսը և տեսնել, թե ինչի են տիրապետում:

Հավանաբար այդ ռեսուրսից կախված կլինի, թե ինչպիսի պլանավորում կդնի իր առջև այդ մարգինալ հատվածը գարնան համար: Անձամբ իմ կարծիքով՝ այդ ռեսուրսն առանձնապես չի տարբերվելու դեկտեմբերի 5-ին հավաքագրված ռեսուրսից, եթե նույնիսկ ավելի նվազ չլինի, քանի որ եղանակային պայմաններն ավելի վատն են:

Պլանավորումը շատ չի տարբերվելու նրանից, որն ունեին այդ ուժերը դեկտեմբերին պլանավորած գործընթացների համար: Այսինքն՝ էական փոփոխություններ ես չեմ կանխատեսում:

– Մենք տեսնում ենք, որ սկսած Բելլա Քոչարյանից՝ բոլորը կոչ են անում մասնակցել այդ հանրահավաքին: Նրանց նպատակը հնարավորինս մեծ զանգված հավաքե՞լն է, և ինչի՞ համար է դա արվում: Որովհետև տեսակետ կա, որ իրենք ինչ-որ գործողությունների կարող են դիմել:

– Նրանց չի հաջողվելու գործողությունների համար կրիտիկական զանգված հավաքել, դա արդեն ակնհայտ է:

Հավանաբար խնդիր է դրված ունենալ այնպիսի մի հավաք, որի ժամանակ ռեսուրսները բավարարեն գարնան համար ավելի մեծ պլաններ առաջ քաշելու և գարնանը քաղաքական գործընթացների վրա ավելի մեծ ազդեցություն գործելու հնարավորություն ստանալու:

Այսինքն՝ ցույց տալ այնպիսի զանգված, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Հավանաբար դա նրանց չի հաջողվի, և այլ պլան, այսինքն՝ քաղաքական իշխանության հայտ ներկայացնելու պլան, ոչ սահմանադրական եղանակով փոփոխություններ իրականացնելու պլանավորում, ես կարծում եմ՝ չկա, քանի որ իրատեսական չէ այդպիսի պլանավորումը, քանի որ այդ մարգինալ հատվածը նման ռեսուրսների չի տիրապետում: 

– Այս հանրահավաքների ու կոչերի ֆոնին Սերժ Սարգսյանը մի քանի մասից բաղկացած մեծ հարցազրույց տվեց: Այս քայլերը փոխկապակցվա՞ծ են:

– Իհարկե փոխկապակցված են, և այստեղ մի կարևոր բան պետք է առանձնացնել: Դա այն է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կան հակասություններ, սակայն ընդհանուր թշնամու՝ ներկա իշխանությունների դեմ այդ ուժերը ամեն դեպքում միասին են, և գործընթացները գնում են այնպես, որ եթե հնարավոր լինի վճռական ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա, ապա նրանք մի կողմ կդնեն իրենց հակասությունները և իրենց ռեսուրսները կմիավորեն:

Այլ հարց է, որ նույնիսկ այդ միավորման դեպքում այդ միավորված ռեսուրսը չի կարող բավարար լինել նշված գործընթացները հարուցելու համար: 

– Ամեն դեպքում ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանին պետք հիմա այդ հարցազրույցը տալ, ի՞նքն էլ էր խնդիր դրել մեծ զանգվածներ փողոց դուրս բերելու: Ստացվում է, որ նրանք ռեալ հաշվարկներ չե՞ն արել:

– Հաշվարկները մի բան են, իսկ իրական քաղաքական դաշտում սեփական ռեսուրսները հավաքագրելը և դրա հիման վրա նոր պլանավորում իրականացնելը՝ այլ բան:

Կոնկրետ Սերժ Սարգսյանի հարցազրույցը տրամաբանորեն ընդգրկվում է այս գործընթացների մեջ: Այդ տրամաբանության մեջ է նաև Բելլա Քոչարյանի կոչը: Նաև մենք գիտենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ տարբեր կոչեր են հնչեցնում, որ պետք է փետրվարի 20-ին ամբողջ ռեսուրսը հավաքագրել և փորձել քաղաքական փոփոխություններ իրականացնել:

Իրական քաղաքական փոփոխություններ իրականացնել նրանց չի հաջողվելու, սակայն ներկա պահին այդ ամբողջ ռեսուրսը հավաքագրելն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի պլանավորել հետագա գործողությունները:

Նույնիսկ իրենք են իրենց տեքստերում ասում, որ փետրվարի 20-ից հետո գալիս են նոր փուլ, նոր ժամանակահատված:

– Այսինքն՝ հեղաշրջման փորձեր վաղը չե՞ն լինի:

– Հեղաշրջման փորձ հնարավոր չի լինի անել այն զանգվածով, որը հնարավոր է հավաքել վաղը: Խոսքն այն մասին է, որ այդ մարգինալ հատվածը ևս ունի իր գործողությունները վերաիմաստավորելու, քաղաքական գարունը պլանավորելու խնդիր, այնուհետև պատրաստ լինել շատ կարևոր քաղաքական ամռան, քանի որ հունիսին ավարտվում է վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի ժամկետը:

Իմ կանխատեսմամբ՝ այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, կլինի հայտարարություն արտահերթ գործընթացների մասին: Իսկ արտահերթ գործընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գիտակցել, թե ի՛նչ ռեսուրսների է տիրապետում այդ մարգինալ հատվածը:

Չմոռանանք, որ մարտին նշանակված է նաև Ազգային բևեռի կողմից գործընթացների մեկնարկը, որը ևս այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Նրանք ևս իրենց ռեսուրսները կգնահատեն՝ հասկանալու համար, թե արտահերթ գործընթացների ժամանակ ինչ ռեսուրսներ ունեն և ինչպիսի դերի կարող են հավակնել: 

Մանե Հարությունյան

MediaLab.am