«Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է գլխավոր դատախազի, ՀՔԾ պետի և արդարադատության նախարարի հրաժարականը

«Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է գլխավոր դատախազի, Հատուկ քննչական ծառայության պետի  և արդարադատության նախարարի հրաժարականը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունեցող արդարության ճգնաժամը հաղթահարված չէ:

2018թ․ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հանրությանը խոստացան իրականացնել զրո հանդուրժողականության քաղաքականություն կոռուպցիայի և կոռուպցիոնիստների նկատմամբ, խոստացան պատժել բոլոր հանցագործներին ու վերականգնել պետությանը հասցված միլիարդավոր վնասները։

Այժմ կարելի է անվերապահորեն արձանագրել, որ այդ գործընթացն ամբողջությամբ տապալված է։

Երեք տարվա ընթացքում չհաջողվեց վերափոխել դատաիրավական համակարգը, պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած և կոռուպցիայի մեջ թաթախված պետական բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց։

Գրեթե բոլորը խուսափեցին պատասխանատվությունից, և այսօր վայելում են իրենց թալանածը։ Իսկ երեկ դատարանը, ըստ էության, վերջանականապես փակեց մարտի 1-ի էջը։

Նկատի ունենալով, որ «Մարտի 1»-ի քրեական գործով ընթացող բոլոր վարույթները տապալված են, որ համապատասխան մարմիններն այս տարիների ընթացքում չկարողացան կամ չցանկացան բացահայտել նշված գործի բոլոր հանգամանքները՝ դրսևորելով ակնհայտ ոչ կոմպետենտ վարքագիծ, ականջալուր չեղան պարբերաբար հրապարակայնորեն ներկայացված զգուշացումներին գործի սխալ ընթացքի և անձանց արարքներին ճիշտ իրավական որակման մասին, 

հաշվի առնելով, որ ամբողջությամբ ձախողված է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը  զրոյացրել է իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած առանց այդ էլ ցածր վստահությունը,

արձանագրելով, որ օիինականության վերականգնման գործընթացն ամբողջությամբ հեղինակազրկված է, 

ընդգծելով, որ ամբողջությամբ տապալված է ՀՀ կառավարության 2019-2023թթ․ «Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը», մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների անցկացման, ընտրական օրենսդրության բարեփոխման, դատական իշխանության անկախության ու անաչառության, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգի ստեղծման, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման և փաստահավաք հանձնաժողովի չստեղծան գործընթացները,

հաշվի առնելով, որ ստորև նշված իրավասու պետական մարմինների պատասխանատուններն անմիջական պատասխանատվություն են կրում այս գործընթացների ձախողման համար, «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի հրաժարականները։

Բացի այդ, «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է ՀՀ կառավարությունից և ՀՀ Ազգային Ժողովից սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ լինել նշված անձանց պաշտոնազրկման գործընթացին՝ հաշվետվություն ներկայացնելով հանրությանը, թե որո՞նք են եղել այս համակարգերի տապալման հիմնական պատճառը՝ պատժելով բոլոր մեղավորներին։

«Արդար Հայաստան» կուսակցությունը վճռականորեն հայտարարում է, որ օրինական ընտրությունների միջոցով հանրության վստահությունը ստանալու պարագայում մաքրելու է դատաիրավական համակարգը բոլոր տեսակի ոչ կոմպետենտ, կոռումպացված, մինչև ուղնուծուծը կեղծիքի մեջ թաթախված անձանցից՝ ստեղծելով իսկապես պրոֆեսիոնալ կարողությունների, մասնագիտական բարեխղճության և օրենքի հիման վրա գործող դատաիրավական անկախ համակարգ։

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ»։