Զոհվածների հարազատներին են տրամադրվել առկա ստույգ փաստերը, սակայն նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին․ ԱՆ պարզաբանումը

Առողջապահության նախարարության պարզաբանումը․

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից ոմանց դժգոհությությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության նախարարությունը հայտնում է.

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:

Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին:

Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:

Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով` նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անընդունելի է:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն այսօր փակել են Հերացի փողոցը։