Երեւանի քաղաքաpետարանը հերթական անգամ մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին այս անգամ արդեն ապրիլի 17-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Մարտի 29-ին Երեւանի քաղաքապետարան ներկայացված իրազեկմանն ի պատասխան, քաղաքապետարանից պատասխանել են, թե «Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 31.03.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ապրիլի 17-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը»:
Միաժամանակ քաղաքապետարանն առաջարկել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։
Մինչ այդ քաղաքապետարանը արդեն մերժել էր ընդդիմության հայտերը ապրիլի 8-ին, 11-ին, 12-ին, 13-ին եւ 14-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ ներկայացված իրազեկումները:
ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ Կոնգրեսի համար այլեւս «նշանակություն չունեն քաղաքապետարանի ապօրինի որոշումները»:
«Ժողովուրդը ինքը կորոշի եւ կիրականացնի իր որոշումները»,- «Մեդիալաբին» ասել է Մուսինյանը:
© Medialab.am