Ինձ մի խղճա, թույլ տուր հանգիստ ապրել․ «Ալամեզոն» Բլոգ

Ինձ մի խղճա, թույլ տուր հանգիստ ապրել․  «Ալամեզոն» Բլոգ
Ինձ մի խղճա, թույլ տուր հանգիստ ապրել․ «Ալամեզոն» Բլոգ

Այն, որ Ֆրանսիայում հաշմանդամություն ունեցողների կյանքը անհամեմատելի է Հայաստանում ապրող սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հետ այնքան ակնհայտ է, որ այդ մասին հոդված գրել չարժեր։  Այս մասին գրելուս նպատկն ավելի շատ ուղղված է բացահայտելու, թե որտեղ է գաղտնիքը, որն է այն ճիշտ սերմը, որը ցանել է պետությունը, ջրել ժողովուրդը, արդյունքում խնդիր` հաշմանդամության խնդիր, որպես այդպիսին կարելի է ասել Ֆրանսիայում չկա։

Առաջին սերմը հավասարությունն է, այն մարդկանց միջև , ովքեր կարող են տեղաշարժվել շատ արագ, օրինակ հասարակական տրանսպորտ բարձրանալ և այն մարդկանց, ովքեր օրինակ սայլակով են, հատուկ տեղ է պետք, սայլակը կանգնեցնելու, որ ե՛ւ իրենց հարմար լինի, ե՛ւ մյուսներին: 

Այս հարմարությունը վերաբերվում է նաև ինձ` մանկասայլակով մայրիկին, որը ևս դժվարությամբ ավտոբուս է բարձրացնում սայլակը:

Հարմարավետության ևս մեկ օրինակ ` մասնավոր խանութներ, պետական հաստատություններ, բնակելի շենքեր առանց խոչընդոտ մուտք գործելու համար:

Օրինակ, Պրեֆեկտուր գնալու համար հատուկ մուտք և վերելակ կա սայլակով մարդկանց համար, մայրիկների և ծերերի, ովքեր դժվարանում են բարձրանալ վերև, էստեղ ևս հատուկ չի առանձնացվում սայլակով մարդը որպես հաշմանդամ, այլ ընդհանրապես ցանկացածը` ով չի կարող, կամ դժվարանում է աստիճան օգտագործել:

Խանութներում կան հատուկ դրամարկղեր կա, որը նախատեսված է կրկին հաշմանդամություն ունեցող մարդկանց առօրյան ավելի հեշտացնելու համար: Սա միտված չի առանձնացնել մարդկանց, կրկին, նպատակը մարդկանց կյանքը հեշտացնելն է միայն։ Երբ ես հղի է, օգտվում էի ինձ հասանելիք հատուկ դրամարկղից։

Հաջորդ սերմը ` պետական հզոր ֆինանսական աջակցությունն է: Ֆրանսիայում կարևոր է ոչ թե շատ գումար ներդնելը, այլ հնարավոր բյուջեն ճիշտ օգտագործելը:

Հայրս ֆրանսիայում ունի հաշմանդամության կարգ ` 80 % ( այստեղ տոկոսային սանդղակ է )

Կարգ ստանալու համար ոչ մի սոցապ նախարարի տեղակալի քարտուղարի գրպանը 20 000 դրամ խցկել պետք չի, բավական է ուղարկել բժշկական փաստաթղթեր և բժշկի նամակ:

Հատուկ հանձնաժողովը կքննի գործը և չկասկածեք` արդար որոշում կկայացնի: Ձեզ կնշանակեն համապատասխան թոշակ, բժշկական ապահովագրություն և համապատասխան զեղչեր: Սա ոչ մի կերպ խղճահարություն կամ առավելություն չի ընկերներ, այլ չոր հաշվարկ է, պետությունը իր բնակչության մեջ հավասարությունը պահպանելու համար դիմում է նման քայլի:

Եթե դու ի վիճակի ես աշխատել 8 ժամ, կստանաս քո միջին աշխատավարձը` օրինակ 1200 եվրո, եթե առողջությունդ քեզ դա թույլ չի տալիս, ինչպես օրինակ իմ հայրիկի դեպքում ` կստանաս 80 % ը մնացած 20% ը վատակիր ինքդ եթե կարծում ես, որ ավելի գումարի կարիք ունես:

Իսկ աշխատատեղեր կան բոլորի համար և ամենուր: Օրինակ մեր մոտ գտնվող խանութում աշխատում է մի կին, որի դրամարկղի վրա գրված է «ես ունեմ լսողության խնդիր, խնդրում եմ խոսելիս նայեք ինձ, որպիսզի ես կարողանամ ձեր շուրթերից կարդալ» և սա պետական խանութ չի, որտեղ կարող էր պարտադրվել աշխատակից, պարզապես պետության դրական օրինակը միշտ էլ վարակիչ է :

Երրորդ սերմը` հասարակության վերաբերմունքն է :

Այս վերաբերմունքը բխում է պետության վերաբերմունքից: Սա շատ կարևոր է:

Երբ աուտիզմ ունեցող երեխային ոմն դպրոցի ոմն տնօրեն չի թողնում դասարան, անկախ քեզանից խղճում ես, խղճում ես քո կրթական փտած համակարգի պարագլխին, որ տենց փտած տնօրեն է նշանակում դպրոցում:

Երբ ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) և քայլելու խնդիր ունեցող երեխային պետությունը տալիս է չոր և անհարմար սայլակ կրկին տխրում ես, որ այդ ծրագրով զբաղվում է մեկը, որն ըստ էության երբևէ ինքն իրեն այդ հարցը չի տվել ` արդյոք քայլել չկարողացող երեխային հարմար կլինի՞ սայլակը, թե՞ ոչ:

Երբ առողջական խնդիր ունեցող մարդը ոչ մի կերպ չի կարողանում լիարժեք և անվճար բուժում ստանալ և պետությունը գրեթե չի աջակցում կամ մարդը ստիպված դիմում է հասարակությանը իրեն օգնելու համար, թևաթափ ես լինում, թե ինչու պիտի այս մարդը էլ ավելի տանջվի պարզապես նրա համար, որ իր ապագան կախված է այն ատյաններից, որտեղ նստած են սառը գլխով և սառը սրտով մարդիկ:

Հայաստանում պետության այս թերացումը փորձում է ուղղել հասարակությունը, բայց բոլորին չես կարող օգնել, հետևաբար ամեն մի անարդար և տխուր դեպք անցնում է ժողովրդի սրտով և ստացվում գաղջ մթնոլորտ:

Երբ դրսում տեսնում ես օրինակ սայլակով մարդու անկախ քեզանից տխրում ես, որովհետև ռեալ պատկերացնում ես այն հնարավոր խնդիրները, որի միջով անցնում են մարդիկ:

Ֆրանսիայում այս ամենից ձերբազատվել են վաղուց, բայց դա չի խանգարում ամենօրյա քրտնաջան աշխատանք տանել ` ձեռքբերումը ամրապնդելու համար:

Արդյունքում հասարակությունը իր վրա չի վերցնում այդ բեռը, հասարակությունը պարզապես ընդունում է երևույթը, այո, բոլորը միանման չեն և բոլորը չէ որ ունեն նույնանման ունակություններ և հնարավորությունները (բոլոր հարցերում !) բայց բոլորը հավասար են պետության առաջ և պետությունը գնահատում է ցանկացածի ներդրումն լավ ապագայի համար:

Թե երբ այս երեք սերմը արմատ կգցի և բողբոջ կտա Հայաստանում, ես դժվարանում եմ ասել, դուք էլ մտածեք սրա մասին, անկախ նրանից թեման անմիջական կապ ունի ձեր հետ թե չէ, հիշեք այն ժամանակ, երբ ընտրության կգնաք և ձեր ձայնը որոշիչ կլինի պետական փտած համակարգը փոխելու համար:

Որովհետև, որքան երկար նույն մտածողություն ունեցող կառավարությունը կմնա իր աթոռին սերտաճած այնքան այս խնդիրը հրատապ և անլուծելի կմնա:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog