Կոռուպցիոն դրսևորումները, ուղղորդումներն ու վատ վերաբերմունքը պետք է բացառվեն ԲՍՓ տարածքային մարմիններում

Կոռուպցիոն դրսևորումները, ուղղորդումներն ու վատ վերաբերմունքը պետք է բացառվեն ԲՍՓ տարածքային մարմիններում
Կոռուպցիոն դրսևորումները, ուղղորդումներն ու վատ վերաբերմունքը պետք է բացառվեն ԲՍՓ տարածքային մարմիններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արժանահավատ տվյալներ է ստանում ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության տարածքային մարմիններում կոռուպցիոն դրսևորումների մասին: Այսօր այս մասին ՀՀ ԲՍՓ գործակալության աշխատակիցների հետ մեթոդական հանդիպմանն ասել է նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

Փոխնախարարն ընդգծել է, որ նախարարությունը հետևողական է լինելու այս հարցում՝ բացառելու կոռուպցիան։ Այս պայքարում կարևոր է, որ նախարարությունը ժամանակին և  պատշաճ կերպով իրազեկվի կոռուպցիոն ցանկացած դրսևորման վերաբերյալ։ Հանձնարարվել է տեղեկանք ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց թվի դինամիկայի մասին՝ ըստ տարածքային հանձնաժողովների 2018 թվականից մինչև այսօր։

Փոխնախարարի հաջորդ նկատառումը վերաբերում էր ԲՍՓ տարածքային մարմիններում փորձաքննություն անցնող անձանց հանդեպ վերաբերմունքին, ինչի մասին պարբերաբար դժգոհություններ են ստացվում քաղաքացիներից։ Անհրաժեշտ է նաև փորձաքննության վայրերում հարմար միջավայր ստեղծել քաղաքացիների և նրանց ուղեկցող անձանց համար։

Հաջորդ դիտարկումը վերականգնողական անհատական ծրագրերի թերի լրացման մասին էր, ինչի պատճառով քաղաքացիները ստիպված են լինում հավելյալ ժամանակ ծախսել։ Փոխնախարարի հանձնարարությամբ՝ այսուհետև սխալների կամ թերի լրացման դեպքերում լրացումներն ու ուղղումները պետք է անի ոչ թե քաղաքացին, այլ հանձնաժողովի անդամը, այդ թվում՝ նախագահները։

Նախարարությունը նաև տվյալներ է ստացել հանձնաժողովների կողմից քաղաքացիներին վերականգնողական անհատական ծրագրի շրջանակում ծառայություններ մատուցող առանձին ընկերություններ ուղղորդելու մասին։ Քաղաքացին պետք է ստանա ծառայություններ տրամադրող ընկերությունների ամբողջական ցանկը և նոր միայն պետք է ընտրի, թե որ ընկերության ծառայությունից օգտվել։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր։ Նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հանձնարարել է հստակ ժամկետում ներկայացնել կատարված որոշումների և պահանջների մասին տեղեկությունները։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։