Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց «Կադիս»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտը տոնեց իսպանական Լա լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լևանտե»-ին: Հյուրերին` «Լևանտե»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց խաղի 39-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ:

Աչքի ընկավ  Մորալեսը: «Կադիս»-ը կարողացավ խուսափել պարտությունից հանդիպման ավելացված ժամանակում: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսպինոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 81-րդ րոպեին:

Հաջորդ հանդիպումը «Կադիս»-ը կանցկացնի օգոստոսի 20-ին` մրցելով «Բետիս»-ի հետ: