Նկատեցինք, որ հրապարակումը միանշանակ չի ընդունվել. ինչու ՌԴ դեսպանատունը Ստեփանակերտը ներկայացրել ադրբեջանական անվանումով

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես է ստացվել, որ Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու մասին դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ է հայտնվել Ստեփանակերտի ադրբեջանական անվան` «Խանքենդիի» հիշատակումը։

«Մենք նկատեցինք, որ հրապարակումը միանշանակ չի ընդունվել։ Քանի որ մենք շահագրգռված չենք, որ ինչ-որ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը ճշգրտվել է։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,–ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։

Նշվում է, որ ավելի վաղ դեսպանատան Facebook-ի էջում ՌԴ ԱԻՆ-ին հղումով հրապարակվել էր պաշտոնական մամլո հաղորդագրություն, որտեղ տեղ էր գտել «… Ստեփանակերտ/Խանքենդի մոտ 50 տոննա բեռ է հասցվել» ձևակերպումը: Ավելի ուշ խմբագրվել է տեքստը և Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը հեռացվել։