Ավտոմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից․ զոհվել են 20 զինծառայողներ․ գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գ.Գ-ի կողմից դրսևորվել է իշխանության անգործություն ՝ սեփական կյանքը փրկելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու փոխարեն «ԳԱԶ33081» մակնիշի ՊԲ8Պ013 զինհամարանիշի ավտոմեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել, ինչի հետևանքով զոհվել են նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայողներ: 

Վերը նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար Գ.Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, 2022 թվականի փետրվարի 8-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։