«Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել». Խաչիկ Ասրյան

«Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել». Խաչիկ Ասրյան
«Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել». Խաչիկ Ասրյան

Մինչ երեկվանից շարունակվում են Խաչիկ Ասրյանի` Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ասված ոչ համաչափ խոսքերի մասին խոսակցությունները, քննակումներն ու քննադատությունները, «Հայոց Արծիվներ»-ի հիմնադիր Ասրյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ: 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար. «Հայոց Արծիվներ» հայրենասիրական. Հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը հարցազրույց տալով yerkir.am կայքին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին անվանել էր «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»:

«Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ՛արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»,-հայտարարել էր Խաչիկ Ասրյանը` որպես պատասխան Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված աղմկահարույց հարցի:

Սակայն, այսօր Ասրյանը հանդես գալով հայտարարությամբ փորձել է «մեղմացնել» իր խոսքերը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հայաստանի Հանրապետության արժանապատի՛վ քաղաքացիներ, ցավում եմ այն նենգամիտ ու մթագար, այդպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չկայացած անհատների վերլուծությունների համար, ովքեր փորձում են տարբեր կայքերում տարբեր ձևերով մեկնաբանված խոսքերիս վերաբերյալ իրենց արխայիկ, ոչ մեկին պետք չեկող և պահի տակ հայտնած զգացմունքային կարծիքներով հանդես գալ, ի դեմս՝ Զարուհու «պաշտպանյալի», այն շահարկելով՝ որպես ինքնագովազդ:

Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել՝ Զարուհի Փոստանջյանների մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական ու կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու այլ պարագաներում, նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար:

Խոսքերիս չափազանցված խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը: Սա ի գիտություն:

Ցավում եմ, այդպես էլ ընդդիմություն չդարձած այն զորացրված գործիչների արտահայտած մտքերի համար, ովքեր 22 տարուց ավել իմ իրականացրած հայրենանվեր և պետականամետ ահռելի գործունեությունը (www.hayocartsivner.am) անմտորեն նմանեցնում են քծնանքի, շողոքորթության և իմ կողմից անիծված բացասական այլ երևույթների հետ:

Այո՛, Խաչիկ Ասրյանի տեսակը հայածին, պետականամետ, առաջնորդապաշտ, հայրենասեր ու քրիստոնյա հայ ժողովրդի ցավով ապրող, մտահոգ շարքային քաղաքացու տեսակ է:

Զարուհի Փոստանջյանին ուղղված իմ խոսքերը ամբողջությամբ վերաբերում են բոլոր նրանց, ովքեր հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության գործընթացները Երկիր մոլորակի ժողովուրդների առջև վտանգում են ամեն օր՝ լրտեսության համար՝ իրենց երեսուն արծաթով գնած ու վարձատրած աշխատավարձի ու այլ չբացահայտած երևույթների համար….

Պարզապես ցավալին այն է, որ հայոց պետականության հիմքերը խարխլելու փորձեր կատարող այս մարդիկ իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ երբևէ կապ չունենալով հայոց պետականության կայացման և զարգացման գործընթացների հետ: 

Ուզում եմ կոչս ուղղել բոլորին՝ կարեկցել նույնիսկ անձիս նկատմամբ անտրամաբանական հայտարարություն անողներին, հայրենիքի շահը ի նկատի ունենալով՝ հորդորել նրանց, որ ինչ վիճակում էլ հայտնվեն, երբեք չդավաճանեն հայոց պետականությանը, այլապես կդավաճանեն հայ ժողովրդին, իրենց ընտանիքներին, դժվարությամբ ձեռք բերված անկախ պետականությանը, իրենք՝ իրենց…:

Եթե Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի (հատկապես օտար պետություններում) գիտակցաբար վիրավորի իմ պետության, իմ ժողովրդի, իմ նախագահի արժանապատվությունը, պատասխանս այսուհետ լինելու է էլ ավելի կոշտ:

Հարգանքով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան»:

© Medialab.am