Հայոց ցեղասպանությունը աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կանադայի վարչապետի պաշտոնական կայքը, Ջասթին Թրյուդոի ուղերձում ասված է.

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին, որպեսզի հիշենք նրանց, ովքեր զոհ են գնացել հայ ժողովրդի դեմ իրականացված անմարդկային գործողություններին:

Մենք հարգում ենք նաև նրանց հետնորդներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են ապրել այդ ողբերգության ցավով, կորուստներով և տրավմայով:

Հայոց ցեղասպանությունը աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության անթույլատրելի գինը: Կանադան դեմ է և վճռականորեն դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունն ու քսենոֆոբիան: 

Այսօր մենք հաստատում ենք մեր հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին և արժեքներին և պարտավորվում ենք շարունակել աշխատանքը մեր գործընկերների հետ, որպեսզի նմանատիպ գազանություններն այլևս չկրկնվեն: Մենք շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ուժով և ոգով՝ աներևակայելի բարդությունների դեմ պայքարում և հույսով սպասում ենք ավելի խաղաղ ապագային:

Այս մռայլ տարելիցին բոլոր կանադացիներին կոչ եմ անում դադար վերցնել՝ հարգելու համար զոհերի  հիշատակը և նրանց, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանության սարսափը: Մենք կշարունակենք պատվել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին՝ մեր աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով»: