Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ և 40 դեմ ձայներով:

«Օպտիմալացման շնորհիվ մենք ուզում ենք ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի շատ արդյունքի, ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի մեծ արդյունքի»,- նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումներին:

«Մենք՝ իրավապաշտպաններս ու իրավաբաններս, գիտենք, որ կարծիքի ազատության իրավունքը ներառում է նաև կարծիքը ազատորեն փոխելու իրավունքը: Հանգամանքների փոփոխության պատճառով կարող է ձևավորվել նոր կարծիք: Սրանով մենք փաստում ենք մեր ժողովրդավարությունը և կոլեգիալ կառավարումով առաջնորդվելու պատրաստակամությունը»,- ասաց Զեյնալյանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին դեմ քվեարկեցին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Նախագծի ամբողջական  ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի   նախարարության   փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: