«Ուսանողների համար ՊՇՌ թեստի հանձնումը լրացուցիչ ֆինանսական բեռ կլիներ». Սվետլանա Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը

– Տիկի՛ն Գրիգորյան, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու առողջապահության նախարարության որոշումը, ըստ որի տարբեր ոլորտների աշխատողներ պետք է գործատուին ներկայացնեն կա՛մ պատվաստումը հավաստող թուղթը, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը: Այդ որոշման մեջ, սակայն, որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, ուսանողներն ու հղիները պարտավոր չեն ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան յուրաքանչյուր 14 օրը մեկ: Կներկայացնե՞ք փոփոխության նպատակները:

– Որոշումը, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից, վերաբերում է բոլոր ոլորտների տնտեսվարող սուբյեկտների՝ անկախ կազմակերպաիրավական պատկանելությունից, աշխատողներին: Այդ թվում նաև ուսումնական բոլոր հաստատությունների: Այսինքն՝ բոլոր ոլորտների աշխատողներին է վերաբերում, նպատակը՝ վարակի տարածման ռիսկը նվազեցնելն է:

Ուսանողների մասով արդեն նշեցի, որ այս փոփոխությունները նախատեսված են աշխատողների համար, իսկ ուսանողները սովորում են, չեն աշխատում: Բայց դա չի նշանակում, որ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտավորությունից ազատված ուսանողները չեն պահպանելու համավարակի կանխարգելմանը նպաստող մյուս կանոնները:

Այս առումով իրենք պարտավորություններ ունեն, օրինակ՝ դիմակների պարտադիր կրումը փակ տարածքում, մուտքի մոտ ջերմաչափում և այլ միջոցառումներ:

Այսինքն՝ բացառությունը պայմանավորված է ուսանողների ֆինանսական հանգամանքո՞վ:

– Այո՛, նրանց համար դա լրացուցիչ ֆինանսական բեռ կլիներ, դրա համար էլ այդ որոշումը կայացվել է, բայց, կրկնում եմ՝ նրանք ունեն այլ պարտավորություններ վարակի տարածումը կանխարգելելու առումով:

 – Իսկ ինչո՞ւ մեկ ամիս ուշ, չէ՞ որ սեպտեմբերին է մեկնարկում աշխատանքային տարվա սկիզբը: Գործընթացի կազմակերպման խնդիրների պատճառո՞վ է որոշումն ուժի մեջ մտնելու հոկտեմբերի 1-ից:

– Այո՛: Ցանկացած փոփոխություն, որ ներդրվում է, պետք է պատշաճ իրազեկման փուլ անցնի, գործատուներն էլ իրենց աշխատակիցներին տեղեկացնեն, որպեսզի ժամանակը բավարարի այդ բոլոր միջոցառումներն իրականացնելու:

Այդ պատճառով էլ հոկտեմբերի 1-ն է որոշվել նախագծի ուժի մեջ մտնելու համար: Բացի դրանից, եթե մարդիկ ցանկություն ունենան պատվաստվելու, ժամանակ ունենան:

Տիկի՛ն Գրիգորյան, իսկ գործընթացի կազմակերպմանը նախարարությունը պատրաստվո՞ւմ է: Հնարավո՞ր է, որ, օրինակ՝ նախարարությունը որոշում կայացնի, թե քաղաքացիները պետք է պարտադիր այս պոլիկլինիկայում ՊՇՌ թեստ հանձնեն կամ պատվաստվեն:

– Ցանկացած լաբորատորիա, որն ունի համապատասխան գործունեության թույլտվություն և իրականացնում է ՊՇՌ հետազոտություն, անձը կարող է իր ցանկությամբ դիմել, որևէ ուղղորդում չի իրականացվելու:

Առողջապահության նախարարությունը նաև որոշակի մեխանիզմներ է մշակում, որպեսզի նաև պատվաստումային գործընթացը հնարավորինս հեշտացված ու հարմարավետ լինի բնակչության համար, պոլիկլինիկաներում հերթեր չառաջանան, և պահպանվեն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:

-Ճիշտ է, որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, բայց մոտ մեկ ամիս կլինի՝ ինչ քննարկվում է, այս ընթացքում պատվաստվողների թվի աճ նկատե՞լ եք: Անկախ սրանից, պատվաստման ինչպիսի՞ տեմպ է առկա:

– Անկախ փոփոխությունից, պատվաստման գործընթացի մեկնարկի հետ համեմատած, այս պահին ակտիվություն կա, սակայն այս տեմպերը դեռ բավարար չեն, որպեսզի մենք խոսենք համավարակի կառավարման մասին: Ցուցանիշները պետք է ավելի բարձր լինեն, որպեսզի կարողանանք խոսել այդ մասին:

Դեռ չեմ կարող ասել՝ այս փոփոխությունը ինչպես է ազդել պատվաստման գործընթացի վրա, քանի որ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել: Չեմ բացառում, որ որոշ դեպքերում դա նպաստել է, որ քաղաքացին ընտրել է պատվաստվելու որոշումը՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու փոխարեն:

-Հանրության շրջանում դժգոհություն կա այն առումով, որ համավարակի դեմ կիրառվող սահմանափակումները հավասարապես տարածվում են և՛ պատվաստում ստացած, և՛ չպատվաստված անձանց վրա: Օրինակ՝ ինչու՞ պետք է դիմակ կրի և՛ պատվաստված, և՛ պատվաստում չստացած անձը, տիկի՛ն Գրիգորյան:

– Հարցը երկու կողմից պետք է դիտարկենք. նախ՝ պատվաստումները 100 տոկոսով չեն կանխարգելում հիվանդության առաջացումը, նվազեցնում են վարակի տարածման ռիսկը և 100 տոկոսով կանխարգելում են ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերի առաջացման ռիսկը:

Այսինքն՝ պատվաստված անձը ևս կարող է հիվանդանալ, բայց թեթև տանել այդ շրջանը և շրջապատի համար, այսպես ասած, քիչ ավելի վտանգավոր է: Բայց, այնուամենայնիվ, եթե կա նույնիսկ 1 տոկոս ռիսկ, դիմակների կրումը և այլ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը հնարավորինս նվազեցնելու է նաև պատվաստված անձանց շրջանում վարակի տարածումը:

Այսինքն՝ ամեն ինչ արվում է վարակի տարածման ռիսկը նվազագույնի հասցնելու, քանի որ մենք չունենք նաև կոլեկտիվ իմունիտետ: Եթե ունենայինք 85 տոկոս պատվաստված բնակչություն, կմտածեինք, որ վիրուսի շրջանառության վրա ազդեցություն ունենք, հետևաբար կանխարգելիչ մյուս միջոցառումները պարտադիր չէին լինի կիրառել, բայց քանի որ չունենք այդ կոլեկտիվ իմունիտետը, հետևաբար համավարակի տարածումը կանխարգելող բոլոր միջոցառումների կիրառումը պարտադիր է բոլորի համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am